Սահմանի բացման հարցում պետք է հաշվի առնվեն բո...

Երևանում անցկացվեց հայ-թուրքական հարցերով մասնագիտացված «Ermeni haber» հարթակի կողմից կազմակերպված «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագիրը կրող պանելային քննարկումը։ 

Մասնակից բանախոսները հարցի հիմնական և առանցքային շեշտադրումը կատարեցին այն հանգամանքի վրա, որ որքան էլ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը դրական է՝ հատկապես տարանցիկ ուղիների ապաշրջափակման տեսանկյունից, այդուհանդերձ, անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր ռիսկերն ու մանրակրկիտ կերպով կշռադատել դրա խորքային ազդեցությունը Հայաստանի տնտեսական և անվտանգային կյանքի վրա։ 

Պանելային քննարկման մոդերատոր, ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանն իր բացման խոսքում նշեց, որ արդեն 30 տարուց ավելի է, ինչ փակ են Հայաստան-Թուրքիա սահմանի 2 անցակետերը. Մարգարայի անցակետն՝ Արմավիրի մարզում և Գյումրի-Կարս երկաթգծի Ախուրիկ անցակետը՝ Շիրակի մարզում։ 

«Անցած տարիներին հարաբերությունները հաստատելու, սահմանները բացելու մի քանի փորձեր եղել են, բայց ինչպես գիտենք, դա արդյունք չի տվել։ Հնչել են ամենատարբեր մեկնաբանություններ, ամենատարբեր մեղադրանքներ, բայց փաստը մեկն է՝ ունենք միջպետական սահման, որը փակ է թե՛ մարդկանց առաջ, թե՛ բեռների առաջ։ Ինչպե՞ս է այս ամենն ազդել և ազդում Հայաստանի տնտեսության վրա, անհրաժեշտ է քննարկել և հասկանալ»,-նկատեց Մխիթար Նազարյանը։  

Քննարկման բանախոս, ՀՀ արդյունաբերության և առևտրի փոխնախարար (1997-1999 թթ․), «Greenland investment» ընկերության գլխավոր տնօրեն Մովսես Ձավարյանի խոսքով՝ եթե նայենք պատմականորեն, կարող ենք հիշել նաև նույն 1990-ական թվականները, երբ նորից նման քննարկումներ էին լինում` բացե՞լ սահմանը, թե՞ չբացել` հաշվի չառնելով քաղաքական, տնտեսական կոմպոնենտը։  

«Քննարկումները գնում էին այդ ուղղությամբ, որ տնտեսությունը դեռ նոր է, պաշտպանված չէ, գրեթե ամենաչպաշտպանված ճյուղը գյուղատնտեսությունն էր այդ ժամանակ, իսկ Թուրքիայի շուկայի համար մենք ոչ մի հետաքրքրություն չունեինք, ոչ մի ապրանքատեսակներ չունեինք, որոնք կարող էին հետաքրքրություն ունենալ Թուրքիայի շուկայում, իսկ սահմանի բացումը ուներ միայն մեկ դրական կողմ՝ տրանզիտ ուղիները։ Հիմա ես ենթադրում եմ, որ էական փոփոխություններ չեն եղել՝ նորից ելնելով քաղաքական և տնտեսական միջավայրից։ Հիմա, կարելի է ասել,  մեր տնտեսությունն ավելի կայուն է, ավելի կայուն է թե՛ գյուղատնտեսության, թե՛ արդյունաբերության ոլորտում»,-ասաց բանախոսը։ 

Նրա դիտարկմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում այդքան էլ մեծ հեռանկարներ չեն բացվում։ Նա կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն ավելի մեծ նշանակություն ունի հումանիտար առումով։

«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն»-ի տնօրեն Գագիկ Մակարյանն իր հերթին նկատեց, որ եթե խոսում ենք զուտ առևտրի մասին, ապա սա ավելի պարզունակ տարբերակ է, և առևտրի դեպքում Հայաստանը պիտի խոսի այն մասին, թե ինչ է կարողանում վաճառել և ինչ է ցանկանում գնել։  

«1990-2000 թվականներին մեր արտաքին առևտուրը կարող էր 10 տարվա կտրվածքով գումարային կազմել առավելագույնը 150 միլիոն դոլար։ Դա այն թվականներն էին, երբ Հայաստանի տնտեսությունը գտնվում էր անցումային փուլում՝ Խորհրդային միության փլուզումից հետո կորցնելով իր տրադիցիոն շուկաները և խորհրդային պլանավորման համակարգը և դանդաղ վերականգնելով տնտեսությունը և արդյունաբերությունը։ Մեր արտահանումը եղել է զրոյական։ 2023 թվականին Թուրքիայից ներմուծումը կազմել է 336 միլիոն դոլար, արտահանումը՝ 6,4 միլիոն դոլար։ Մեր հիմնական ներմուծումները եղել են պլաստմասան, քիմիական նյութերը, տեքստիլը, ցիտրուսները, պտուղները և այլն»,-ասաց Մակարյանը։  

Տարբեր նյութեր ուսումնասիրելով և իր սեփական վերլուծություններով Գագիկ Մակարյանը հանգել է այն եզրակացությանը, որ կարճաժամկետ հատվածում Թուրքիայի սահմանի բացելը ավելի շատ ռիսկային է, քան օգտակար է՝ հաշվի առնելով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական և անվտանգային խնդիրները։ 

«Քաղաքական առումով, անշուշտ, Արևմուտքն ուզում է, որ սահմանները բացվեն, որովհետև այդ դեպքում Ռուսաստանի դերն է նվազում տարածաշրջանում։ Բայց մենք չպետք է նիզակի ծայրակալ դառնանք և հեշտությամբ համաձայնվենք այդ խնդիրներին։ Մենք մեր գինը պետք է ունենանք։ 2-րդ պրոբլեմը կա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ Ռուսաստանը պայքարում է միշտ իր սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմաբազաների մոտեցման դեմ։ Թուրքիայի դեպքում տնտեսական սահմաններն են մոտենում Ռուսաստանին՝ Հայաստանի միջոցով։ Հետևաբար, ո՞վ ասաց, որ մանավանդ Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղության պայմաններում Ռուսաստանը պետք է շատ հանգիստ համաձայնի, որ այդ սահմանն աշխատի»,-շեշտեց Գագիկ Մակարյանը։  

Նրա բնորոշմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման արդյունքում նաև Ադրբեջանի քաղաքական դերը տարածաշրջանում կնվազի։  

«Կան գլոբալ մի քանի ծրագրեր, որոնք Հայաստանը պետք է օգտագործի և իր գինը թանկացնի։ Առաջինը՝  Միջին միջանցքն է, որը կարող է ձախողվել, եթե տարածաշրջանում կոնֆլիկտ է լինում։ Երկրորդը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է, որը ևս կարող է կոնֆլիկտների դեպքում ձախողվել, և վերջին կարևոր նախագիծը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը, որի վերաբերյալ 5 երկրներ՝ Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիան և Հունգարիան արդեն համատեղ ձեռնարկություն են ստեղծել, կանաչ էներգիայի միջանցքն է, որը Սև ծովի տակով պետք է կանաչ էներգիա հասցնի եվրոպական երկրներ։ Հետևաբար, այս բոլոր հանգամանքները ևս պետք է Հայաստանը գնահատի և պահանջի քվոտաներ»,-ընդգծեց բանախոսը։  

Նա նշեց, որ, բնականաբար, լավ կլինի, որ հայ-թուրքական սահմանը բացվի, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսապես և բարոյապես դրան պատրաստ լինել և հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերը, ճիշտ կշռադատել բոլոր խնդիրները։ 

Պանելային քննարկմանը մասնակցող բանախոս, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը նշեց, որ քննարկվող հարցում մշտապես գերիշխել են մարդկանց վախերն ու սարսափները։  

«Ակամայից գայթակղություն է առաջացել հարցնել`լավ, եթե բացվելու պարագայում մեզ համար այդքան վատ է լինելու, և եթե մենք մեր մտահոգությունները ներկայացնում ենք որպես դիմացինի մտադրություններ` նշելով, որ Թուրքիան սահմանը կբացի Հայաստանի գյուղատնտեսությունը միտումնավոր կործանելու նպատակով, մեզ գնելու նպատակով, ապա ինչո՞ւ այդ պարագայում չի բացում։ Եվ սա այն պարագայում, որ այդ սահմանը ոչ թե մենք ենք փակել, այլ այդ սահմանը փակվել է մեզ վրա»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ, սկսած 2018 թվականից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսվարողների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ներկայացրել և իրականացրել է բազմաթիվ նախագծեր։  

Նրա խոսքով՝ միջազգային տնտեսագիտության մեջ կա աքսիոմատիկ ճշմարտություն՝ ազատ առևտուրը նպաստում է ռեսուրսների առավել արդյունավետ տեղաբաշխմանը։ Հայրապետյանը նաև հավելեց՝ հենց Թուրքիայի հետ սահմանը բացվի, Հայաստանը կունենա ազատ առևտուր մի երկրի հետ, որը համարվում է Եվրոպական միության Մաքսային միության անդամ։  

«Այդ դեպքում առևտրի խոչընդոտները և տնտեսագիտության մեջ ասված բալաստային ծախսերը կվերանան, և արդեն կմեծանա մրցակցությունը։ Առավել ազատ առևտուրը նպաստում է ռեսուրսների առավել արդյունավետ տեղաբաշխմանը գլոբալ մակարդակում։ Դրա հետևանքով երկրները կենտրոնանում են այն ուղղությունների վրա, որտեղ ունեն համեմատական առավելություններ։ Մի շարք միջազգային կազմակերպություններ ուսումնասիրել են հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությունը․ Ասիական զարգացման բանկի կանխատեսումներով` սահմանի բացման դեպքում ՀՆԱ-ի աճը կկազմի 30 %, իսկ արտաքին առևտրի դեֆիցիտը կկրճատվի 30-ից 50 %-ով։ Համաշխարհային բանկի գնահատականներով` արտահանման աճը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի 30-38% աճի»,-ասաց Հայրապետյանը։  
Նրա դիտարկմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 89.3 միլիոն դոլար։ Պաշտոնյայի խոսքով՝ այս ամենի ֆոնին, ցավոք սրտի, շատ փոքր է Հայաստանի արտահանումը՝ մոտավորապես 100 հազար դոլար։   

«Սահմանի բացման առումով հիմնական շահողը մենք ենք լինելու, եթե հարաբերությունները կարգավորվեն, ինչի հույսը մենք ունենք և ինչին մեր պետությունն ու կառավարությունը ձգտում են»,-նշեց բանախոսը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ սահմանի բացման պարագայում կարող է աճել մրցակցությունը, ինչը կհանգեցնի արտադրողների կողմից ավելի որակյալ արտադրանքի ստեղծմանը։  

Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Հրանտ Միքայելյանն իր խոսքում ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է փակվել հայ-թուրքական սահմանը՝ շեշտելով, որ քաղաքական և տնտեսական տեսանկյունից սահմանների փակ լինելը խիստ փոխկապակցված է, և անհնար է դրանք տարանջատել։ 

«Թուրքիան պաշտոնապես պատճառաբանում է սահմանի փակումը Քարվաճառի գրավմամբ, բայց իրականում սահմանը երբեք չի բացվել, ուղղակի առանձին դրվագներով բացվել է ԱՄՆ-ի ճնշմամբ, որպեսզի հումանիտար բեռները հասնեին Հայաստան։ Այսպիսով, 1991 թվականից հայ-թուրքական սահմանը նորմալ ռեժիմով, սովորական ռեժիմով չի գործել։ Սա շատ կարևոր հանգամանք է»,-նշեց Միքայելյանը։ 

Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 77 %-ով նվազել է 1980- ականների վերջին և 1990-ականների սկզբին, որից մոտավորապես 50 տոկոսային կետը պայմանավորված է խորհրդային համակարգի փլուզմամբ, իսկ մնացած 27 տոկոսային կետը պայմանավորված է հակամարտություններով՝ Վրաստանում Աբխազիայի ճանապարհի փակմամբ և Ադրբեջանի հետ ճանապարհի փակմամբ։  

«Ընդ որում, Ադրբեջանի հետ սահմանի փակումը բավականին ծանր հարված է եղել, որովհետև Խորհրդային միության ժամանակ Հայաստանի արտաքին շրջանառության 85 %-ը սպասարկվել է Ադրբեջանի տարածքով։ Թուրքիայի կողմից սահմանի փակ պահելը սկզբնական փուլում, իհարկե, անմիջապես բացասական չի ազդել, քանի որ մինչև այդ էլ բաց չի եղել, բայց դա թույլ չի տվել, որպեսզի տնտեսությունը իսկապես աճի, և այս առումով զուտ տնտեսության աճի տեսանկյունից որոշակի բացասական էֆեկտ ունենք կուտակված։ Մյուս կողմից, մենք ունենք նաև առևտրի, արտաքին շրջանառության վրա ազդեցություն և այդ ազդեցությունը գնահատելու համար մենք կարող ենք համեմատվել Վրաստանի հետ, որը ցույց է տալիս, որ մենք ինքնաբավության աստիճանով նույնիսկ ձեռքբերում ունենք։ Նույնիսկ արտադրողականության տեսանկյունից ունենք ձեռքբերում, ու սա կարևոր հանգամանք է»,-ասաց բանախոսը։ 

Նրա խոսքով՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձել են Հայաստանի զարգացմանն ամեն կերպ խոչընդոտել, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է այլ գործընկերների հետ բարենպաստ առևտրային պայմաններ ստեղծել։ 

Պանելային քննարկմանը մասնակցող բանախոս, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը նկատեց, որ Հայաստանի ներքին շուկայի փոքրությունը երկրի համար ավելի է կարևորում արտաքին առևտրի զարգացումը։ 

«Այս առումով պետք է գիտակցենք, որ բաց սահմանների առկայությունն այն կարևոր նախապայմանն է, որի հիման վրա մենք կարող ենք կառուցել արտաքին առևտուրը։ Փակ սահմաններն առևտրի վրա ինչպե՞ս են ազդում. դժվարանում է լոգիստիկան, թանկանում են տրանսպորտային ծախսերը՝ գումարած հարակից բազմաթիվ այլ բարդությունները։ Բնականաբար, արտաքին առևտրի զարգացման տեսակետից մեզ համար շատ ավելի լավ է ունենալ բաց, քան փակ սահմաններ»,-ընդգծեց բանախոսը։