«Ես կարծում եմ, որ սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին փաստաթուղթն է, և դրա իրագործումը երկու երկրների համար անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է, և մենք առաջ ենք շարժվելու»,–հավելեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե ո՞ր տարածքում է շարունակվելու սահմանազատման գործընթացը իրականացնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ամեն ինչ հնարավոր է։ Գոյություն ունեն տարբեր փաստարկներ, հիմքեր, հարցեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ՝ թե ինչպես շարունակել։ Կարելի էր շարունակել դեպի հյուսիս, դեպի հարավ։ Կարելի էր ընդհանրապես Սյունիքից սկսել, կամ ինչ–որ մասից, որը ավելի հստակ է։ Մենք այդ մասով ունենք քննարկումներ։ 12 կմ, 50 կմ, 100 կմ. մեր սահմանի վերարտադրումը մեր պատմության կարևորագույն հարց է, որը եթե լուծենք, պետք է բոլորս գոհ ու շնորհակալ լինենք»։
Խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ ԱԺ նախագահն ասաց.
«Մենք երկկողմ բազմաթիվ չլուծված հարցեր ենք թողել, և քաղաքական կամքի պարագայում բոլոր այդ հարցերը լուծելի են։ Կարծում եմ՝ տեղի ունեցող քննարկումները դրան են միտված։ Սահմանադրության մասով մենք ասել ենք, որ դա մեզ համար լուծված հարց է, և ՍԴ–ի որոշումն այս փաստաթղթի ստորագրումից առաջ, ի ցույց դրեց, որ ՀՀ-ում նման խնդիր գոյություն չունի։ Հիմա բանակցում ենք։ Իրենց Սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց մենք այդ խնդիրը չենք բարձրացնում»։