Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոսպիտալացումից հետո ինքը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի։ Մի քանի անգամ խփել են նրա պարանոցին, քաշել մազերից։ Սակաշվիլիի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։
Երեկ Վրաստանի իշխանությունները հայտնել էին, որ հացադուլի մեջ գտնվող Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից տեղափոխել են Գլդանի բանտային կլինիկա։ Գվարամիան ասել է, որ դա տեղի է ունեցել խաբեությամբ․ քաղաքական գործչին խոստացել են, թե հոսպիտալացնում են քաղաքացիական կլինիկա, ինչպես պահանջել էին փաստաբաններն ու ընդդիմադիրները։
Քաղաքական գործիչը նշել է, որ վնասել է բժշկական սարքավորումները, երբ տեսել է, թե ինչպես են պատրաստվում ինչ-որ ներարկում անել։
Սաակաշվիլին հրաժարվում է ցանկացած բժշկական միջամտությունից և պահանջում հանդիպում իր անձնական բժշկի հետ։ Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ հիվանդանոց տեղափոխելու նպատակն իր ֆիզիկական ոչնչացումն է։



