Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ Սաակաշվիլիի դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխնացմամբ, «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստն այն տեսաանկյունից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
Սաակաշվիլին, որը ներկայում Ուկրաինայի քաղաքացի է, լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել: Դրանցից երկուսով նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվել է երեք տարվա և լրացուցիչ վեց տարվա ազատազրկման։
Ներկայում քննվում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ոչնչացման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 3,3 միլիոն դոլար) պետական միջոցների յուրացման գործերը։
2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին ժամանել է Վրաստան, սակայն բերման է ենթարկվել, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել սահմանի ապօրինի հատման համար։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա մինչ այժմ գտնվում է։