Ռուսաստանը Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ...

«Ռուսաստանը, ռազմական օպերացիա իրականացնելով Ուկրաինայի տարածքում, Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ չի հետապնդում, այլ փորձում է սեփական անվտանգության երաշխիքներ ապահովել»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ , այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան ենթարկվել է նացիստական գաղափարախոսության ազդեցությանը: Մենք ցանկանում ենք ազատել նրան այդ գաղափարախոսությունից: Բացի այդ, Ուկրաինայում մեծացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք ուկրաինական տարածքը մասերի բաժանելու նպատակ չունենք, սակայն ձգտում ենք հասնել մեր անվտանգության երաշխիքների ապահովմանը»,- նշել է Պեսկովը:

Նա հավելել է՝ Մոսկվան ձգտում է հասնել նրան, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային: