Ռուսաստանը կոշտ արձագանքել է․ ՄԱԿ-ում պահանջո...

Ռուսաստանը պահանջել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Լիբանանի հարավում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հասցված հրթիռային հարվածի վերաբերյալ՝ տեղի ունեցածը որակելով որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մարտի 19-ին Լիբանանի հարավում Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել են Russia Today հեռուստաալիքի նկարահանող խմբի աշխատակիցները։ Նշանակետային հարվածը հասցվել է նկարահանումների անցկացման վայրի անմիջական հարևանությամբ, որտեղ որևէ ռազմական օբյեկտ չկար, ինչը ակնհայտորեն հաստատում են օպերատորի օբյեկտիվի մեջ հայտնված զինամթերքի պայթյունի կադրերը։ Իսրայելական կողմի նման գործողությունները դիտարկում ենք որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում և լրատվամիջոցների աշխատակիցների գործունեությանը միտումնավոր խոչընդոտում», - ասել է Նեբենզյան։

«Պահանջում ենք Իսրայելի իշխանությունների կողմից սույն միջադեպի մանրակրկիտ հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում և ապագայում նմանատիպ հարձակումների կանխում», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Լիբանանում RT բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին և նրա օպերատորը վիրավորվել են Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով: Ըստ լրագրողների հաղորդման՝ իսրայելական ինքնաթիռը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ, երբ նրանք անցնում էին Լիբանանի հարավում գտնվող ռազմաբազայի մոտակա կամուրջով: