Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Դուք փորձառու մարդ եք, հեղինակություն եք վայելում և խորապես տիրապետում եք կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերին։ Ես որևէ կասկած չունեմ, որ ձեր ղեկավարությամբ քարտուղարությունը կաշխատի համակարգված՝ ճիշտ ուղղությամբ՝ ամեն ինչ անելով մեր պետությունների անվտանգության ամրապնդման համար»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Նա հավաստիացրել է Մասադիկովին, որ Ռուսաստանը կաջակցի ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքին։
Մասադիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման հնարավորության համար և համառոտ ներկայացրել 2026 թվականին՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության տարվա ընթացքում կազմակերպության գործունեության արդյունքները։
«Այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, իրականացվել են», - ասել է նա։
Մասադիկովը նաև զեկուցել է, որ 2026 թվականին ՀԱՊԿ անդամ երկրները շարունակել են ընդլայնել արտաքին քաղաքական համագործակցությունը միջազգային անվտանգության առավել արդիական խնդիրների շուրջ։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը։
Նոյեմբերի 11-ին Կրեմլում Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Մասնակիցները կքննարկեն համագործակցության առանցքային հարցերը, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրները։
Նախատեսվում է մի շարք բազմակողմ փաստաթղթերի ստորագրում։
ՏԱՍՍ-ը նշում է, որ Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների թվում են հայտարարվել կազմակերպության անդամ պետությունների համախմբումը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացումը, ռազմական բժշկության և կենսաբանական սպառնալիքներից պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ջանքերի համակարգման ուժեղացումը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցավորության, հանցավոր եկամուտների օրինականացման և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ակտիվացումը, ՀԱՊԿ մարմինների գործունեության կատարելագործումը, հավաքական անվտանգության ապահովման գործում միջխորհրդարանական համագործակցության դերի ամրապնդումը։



