Աբու Դաբիում կայացած ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը «դիրքորոշումներ են փոխանակել», որոշ հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, իսկ որոշ հարցերի շուրջ՝ ոչ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Բանակցությունները կշարունակվեն»,- ասել է Մեդինսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունների կենտրոնական թեման Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունն է եղել։
«Մենք սկզբունքային համաձայնության ենք եկել գերիների լայնածավալ նոր փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհրապարակվեն մոտ ապագայում», - հայտարարել է Մեդինսկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները՝ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, «անկեղծ և արդյունավետ մարդիկ են», որոնք «միտված են արդյունքի հասնելուն», ասել է Մեդինսկին՝ պատասխանելով նրանց դերի մասին հարցին։
Ռուսական պատվիրակության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանակցային գործընթացի կոնկրետ մանրամասները «երբեք չեն քննարկվում»։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, որոնք փետրվարից ի վեր առաջինն էին, ընթացել են երկու օր՝ նոյեմբերի 10-ին և 11-ին։
Աբու Դաբի էին ժամանել նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել նրանց հետ։
«Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչ կարգավիճակով են նրանք այստեղ գտնվում», - հայտարարել է Մեդինսկին՝ քննադատելով Եվրոպային Կիևին զենք մատակարարելու համար։



