Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի...

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպին՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Ռուսաստանն Էստոնիային մեղադրում է խորհրդային ժամանակաշրջանի զինվորների հուշարձանների ապամոնտաժման համար, որոնք, ըստ BBC-ի,«Տալլինը համարում է ԽՍՀՄ-ի ժամանակ երկրի բռնազավթման անցանկալի խորհրդանիշներ»։

Բացի այդ, նույն մեղադրանքներով հետախուզում է հայտարարվել Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսին։

ՏԱՍՍ-ի մեկ այլ հրապարակման համաձայն՝ հետախուզում է հայտարարվել նաև Լատվիայի արդարադատության, ֆինանսների և հողագործության նախարարներին։ Իրավապահ մարմինները գործակալությանը հայտնել են, որ նրանց նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։

Անդրադառնալով թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մերձբալթյան երկրների պաշտոնյաներին հետախուզում հայտարարելու պատճառը եղել է «պատմական հիշողության դեմ վիրավորանքը և Ռուսաստանի հանդեպ թշնամանքը»։

Իր հերթին, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «սա դեռ միայն սկիզբն է»։

«Աշխարհը նացիզմից և ֆաշիզմից ազատագրողների հիշողության դեմ հանցագործությունների համար հարկավոր է պատասխան տալ։ Սա դեռ միայն սկիզբն է», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։