Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի վերաբերյալ իրեն մտահոգող բոլոր հարցերը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Այս թեման (ՀԿԵ-ի կոնցեսիան) մանրամասն քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունների ընթացքում ապրիլի 1-ին։ Հայկական կողմին մտահոգող բոլոր հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, ձեռք է բերվել ըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մեջ ռուսական կողմի մասնակցության համատեքստում», — նշել է դիվանագետը։
«Չենք կարող համաձայնել այն պնդման հետ, թե ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը՝ համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք», — նշել է Կալուգինը։ Նրա կարծիքով, «եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը կոնցեսիայի շրջանակում երկաթուղային ցանցի գործունակության վերականգնման և պահպանման ուղղությամբ, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների «վերագործարկմանը»»։
ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը հիշեցրել է, որ «2008 թվականից ի վեր ներդրումները հայկական երկաթուղիներում կազմել են շուրջ 30 մլրդ ռուբլի, բացի այդ՝ Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի, իսկ ներդրված միջոցների մի մասը ուղղվել է շարժակազմի արդիականացմանը»։ «Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան — Գյումրի երթուղու համար, փորձարկել է հենց վարչապետը՝ հայկական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ միասին», — նշել է Կալուգինը։ Նա վստահ է, որ ՀԿԵ-ն մնում է հանրապետության ամենախոշոր գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ»։
«Մեր կողմից տեսնում ենք համատեղ, փոխշահավետ աշխատանքի մեծ ներուժ, որի երաշխիքներից մեկը հայկական երկաթուղային ցանցի արդյունավետ կառավարումն է ռուս մասնագետների կողմից», — նշել է դիվանագետը։



