Ռուսաստանը չի արտահանձնի Ասադին․ Ռյաբկով

Ռուսաստանի կողմից ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն ապահով է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը չի նախատեսում արտահանձնել Ասադին, եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա ձերբակալության օրդեր տա։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել Հռոմի ստատուտը։

«Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է այն հանգուցալուծվել։ Բայց Ասադն ապահով է: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտառոց իրավիճակներում»,- ասել է Ռյաբկովը NBC News-ին տված հարցազրույցում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նաեւ ասել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի երկրի մասնատմանը։ Նրա խոսքով՝ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։