Ռուսաստանն օրինական չի համարում Հնդկաստանի նկ...

Ռուսաստանն արձանագրում է ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ սպառնալիքները, բայց դրանք օրինական չի համարում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակին խնդրել են մեկնաբանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որն արձագանքել է ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու պահանջին՝ հայտարարելով, որ կպաշտպանի Հնդկաստանի ազգային շահերը։

«Մենք լսում ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք իրականում սպառնալիքներ են, փորձեր՝ երկրներին ստիպելու դադարեցնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք նման հայտարարություններն օրինական չենք համարում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ինքնիշխան երկրներն իրավունք ունեն ընտրելու իրենց սեփական գործընկերներին առևտրային և տնտեսական համագործակցության համար՝ հաշվի առնելով սեփական շահերը։

«Մենք կարծում ենք, որ ինքնիշխան երկրները պետք է ունենան և ունեն իրավունք՝ իրենք ընտրելու սեփական առևտրային գործընկերներին, առևտրատնտեսական համագործակցության գործընկերներին և ընտրելու այն առևտրատնտեսական համագործակցության ռեժիմները, որոնք համապատասխանում են այս կամ այն երկրի շահերին», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի ներմուծման և վերավաճառքի պատճառով։