Ռուսաստանն ավարտում է Իրանի հետ համաձայնագրի...

Ռուսաստանն ավարտում է Մոսկվայի և Թեհրանի միջև նոր հիմնարար միջպետական ​​համաձայնագրի ստորագրմանը ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու համար անհրաժեշտ ներքին պետական ​​ընթացակարգերը: Ըստ ռուսական ТАСС գործակալության՝  դրա մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Անվտանգության հարցերով զբաղվող ԲՐԻԿՍ և ԲՐԻԿՍ+ երկրների բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակում Շոյգուն երկկողմ աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։

«Մենք Անվտանգության խորհրդի միջոցով պատրաստ ենք մեծացնել համագործակցությունը։ Շարունակում ենք վերահսկել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը»,- նշել է Շոյգուն։ - Նոր հիմնարար միջպետական ​​համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունենք։ Մենք ավարտում ենք փաստաթղթերի պատրաստմանն անհրաժեշտ ներքին պետական ​​ընթացակարգերը (Ռուսաստանի և Իրանի)՝ նախագահների ստորագրման համար»։

Նա ընդգծել է, որ Իրանի միանալը ԲՐԻԿՍ-ին լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել իր անդամների միջև փոխգործակցության որակի բարելավման համար, որպեսզի ձևավորվի միասնական և անբաժան ռազմավարական անվտանգության ճարտարապետություն և արդար բազմակենտրոն աշխարհակարգ:

Շոյգուն Ահմադիանին երախտագիտություն է հայտնել՝ այս տարվա օգոստոսի սկզբին Թեհրան կատարած աշխատանքային այցի ժամանակ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած ռուսական պատվիրակության նկատմամբ ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ «Ըստ իս՝ հիմնական թեմաները, որոնք մենք քննարկել ենք ձեզ հետ, վաղը լիագումար նիստի ժամանակ կմշակվեն: Եվ այսօր ես կցանկանայի անվտանգության խնդիրներին և մեր հետագա աշխատանքին այս կամ այն ​​կերպ առնչվող մի քանի հարցեր քննարկել։ Բարի գալուստ Սանկտ Պետերբուրգ»,- հավելել է Սերգեյ Շոյգուն։