Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ իր աշխատանքում կառաջնորդ...

Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ելնելով ազգային շահերից և «հատուկ ռազմական գործողության» (խմբ.՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները) նպատակներից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն «գրանցվի» Սպիտակ տանը՝ ամուր պաշտպանելով Ռուսաստանի ազգային շահերը և առաջնորդվելով հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներով։ Մեր պայմաններն անփոփոխ են և լավ հայտնի են Վաշինգտոնում», - ասվում է ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Մոսկվան «պատրանքներ չունի ԱՄՆ-ի ընտրված նախագահի առումով, որը Ռուսաստանում լավ հայտնի է, և Կոնգրեսի նոր կազմի առումով, որտեղ հանրապետականներն, ըստ նախնական տվյալների, կգերիշխեն»։

«ԱՄՆ-ում իշխող քաղաքական վերնախավը, անկախ կուսակցական պատկանելությունից, հավատարիմ է հակառուսական դրույթներին և «Մոսկվային զսպելու» գծին», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ այս գիծը ենթակա չէ փոփոխության՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ ընտրություններում Թրամփի հաղթանակն «արտացոլում է ամերիկացիների դժգոհությունը ինչպես Ջոզեֆ Բայդենի վարչակազմի կառավարման արդյունքներից, այնպես էլ Դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական ծրագրից»։

Նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկին հետևող ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները նույնպես նրան հաղթող են հայտարարել։

Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։