Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման փորձին։
Ըստ օրակարգի՝ ռուս գործընկերների հետ քննարկվել են երկու կառույցների միջև այս տարվա հունիսին ստորագրված 2024-2025 թթ․ համագործակցության ծրագրից բխող երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են նաև «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի առանցքային ուղղությունները:
Այցի շրջանակում հյուրերն եղել են նաև ՀԿԱԾ Արագածոտնի մարզային բաժնում, տեղում ծանոթացել Ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։