Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավո...

Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի սպասարկումը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Նշվում է, որ ըստ «Ռոսավիացիա»-ի հաղորդագրության՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար դրանց ընդունման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իժևսկի և Կիրովի օդանավակայաններում։

Բացի այդ, սահմանափակումներ են գործում Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում և Նիժնեկամսկի ու Կազանի օդանավակայաններում։

Մինչ այդ սահմանափակումներ էին մտցվել Սարատովի օդանավակայանում, սակայն այնտեղ աշխատանքը վերսկսվել է։

«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո», չվերթերի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Մոսկվայի օդանավակայանների աշխատանքի սահմանափակումները կարճ ժամանակ անց վերացվել են։ 

Ավելի վաղ հաղորդվել էր նաև Տամբովի օդանավակայանում սահմանափակումների մասին, քանի որ Տամբովի մարզում գործում էր անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ։