Ռուսաստանի գրեթե 130 քաղաքներ անհետացման վտան...

Ռուսաստանում կարող են 130 փոքր քաղաքներ անհետանալ, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 3,4 միլիոն մարդ։ Կառավարության պատվերով պատրաստված Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության մեջ նշվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում այս բնակավայրերի բնակչության թիվը կրճատվել է 314,5 հազարով։ Ամենամեծ դժվարությունները կրում են հյուսիսային ածխային, մետալուրգիական և անտառային արդյունաբերական քաղաքները, ինչպես նաև ծայրամասային բնակավայրերը։ Ամենախոցելի վիճակում են գտնվում Բրյանսկի, Նովգորոդի, Կիրովի մարզերի և Կրասնոյարսկի երկրամասի քաղաքները, որտեղ դիտվում է ներքին ռեսուրսների պակաս և դժվարություններ՝ արտաքին ֆինանսավորում ներգրավելու հետ կապված։ «Արդյունաբերական արտադրության ճգնաժամը և բնակչության շարունակական տեղաշարժը դեպի ավելի խոշոր կենտրոններ մեծացնում են բնակավայրերը կորցնելու ռիսկերը», - ընդգծվում է ուսումնասիրության մեջ։

Առաջիններից կարող են անհետանալ Վերխնի Տագիլը (Սվերդլովսկի մարզ), Տրուբչևսկը (Բրյանսկի մարզ), Ինտան (Կոմի), Կեմը և Մեդվեժեգորսկը (Կարելիա), Տորժոկը (Տվերի մարզ)՝ այնտեղ գրանցվել է բնակչության թվի ամենամեծ կրճատումը։ Ռիսկի խմբում են նաև զարգացած մարզերի ծայրամասային քաղաքները, ինչպիսիք են՝ Ռոշալը (Մերձմոսկովյան շրջան), Օխան (Սախալինի մարզ), Պորխովը (Պսկովի մարզ), Զավոլժիեն (Նիժնի Նովգորոդի մարզ), Նոլինսկը (Կիրովի մարզ)։ Պատճառներն են՝ զբաղվածության անկումը, երիտասարդների արտահոսքը, քաղաքաստեղծ ձեռնարկությունների փակումը, հնացած ենթակառուցվածքները և ներդրումների պակասը։ Միտումը հաստատում են նաև Պետդումայում։ Պատգամավորները խոստովանում են, որ փոքր քաղաքները տուժում են բնակարանային-կոմունալ տնտեսության քայքայումից, տրանսպորտի, բժշկության և կապի բացակայությունից, ինչը վանում է երիտասարդ մասնագետներին։ Օրինակ՝ նման իրավիճակ է բնորոշ Տոտմայի կամ Կարգոպոլի համար, որտեղ բնակվում է 10 հազարից պակաս մարդ։ Տեղի բնակիչները բողոքում են, որ վարչակազմը գումար չունի շենքերը, կամուրջները և ճանապարհները վերանորոգելու համար և փորձում են դրանք ինքնուրույն վերանորոգել՝ օգտագործելով ձեռքի տակ եղած նյութերը։

«Ցավոք, բնակչության արտահոսքը շարունակվում է։ Այն նկատելի է նաև հյուսիսային տարածքներում, օրինակ՝ Իրկուտսկի մարզում», - Իզվեստիային ասել է Պետդումայի շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Յակուբովսկին։ Նրա խոսքով՝ «այնտեղ, որտեղ չկան աշխատատեղեր կամ հիմնական ենթակառուցվածք, դժվար է խոսել երիտասարդներին վերադարձնելու խթաններ ստեղծելու մասին, հատկապես նրանց, ովքեր մեկնել են սովորելու»։ Նրա հետ համաձայնել է հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Կոշելևը՝ նշելով, որ առանց զարգացման և կյանքի որակի բարելավման ապահովման՝ փոքր քաղաքները պահպանելը չափազանց դժվար կլինի։

«Երիտասարդ սերունդները ցանկանում են մրցունակ աշխատավարձ, հասանելիություն բարձր մշակույթին և օգտվել քաղաքակրթության բարիքներից։ Արտաքին առևտրի և ածխի ու այլ օգտակար հանածոների ներքին պահանջարկի նվազումը նույնպես ազդել են հանքարդյունաբերական ավանների և քաղաքների հեռանկարների վրա», - նշում է «Սկոլկովո» կառավարման դպրոցի դաշնային ծրագրերի զարգացման գծով տնօրեն Իրինա Միրոնովան։ Նրա կարծիքով՝ «բացարձակապես բոլոր փոքր քաղաքները փրկելը թանկ և ոչ արդյունավետ է» և իշխանությունները պետք է դա ընդունեն։

Ռուսաստանում այսօր կա 1120 քաղաք, որոնցից ավելի քան 70%-ը միջին և փոքր քաղաքներ են։ 2025 թվականին վերջիններիս աջակցության համար հատկացվել է 4 միլիարդ ռուբլի։ 106 բնակավայրերի համար մշակվում են ներդրումային ծրագրերի իրականացման գլխավոր հատակագծեր, որտեղ իրականացվում են նաև ենթակառուցվածքների զարգացում։ Հնարավոր լուծումներից են՝ լավ շուկայական իրավիճակ ունեցող ոլորտների զարգացումը և արվարձանացմանն աջակցելը, այսինքն՝ մեծ քաղաքների արվարձանների զարգացումը և բնակիչների այնտեղ տեղափոխումը։