
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են 1 ժամից ավելի։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այս անգամ դրանք անցկացվել են ռուսերենով։
Բանակցությունները կայացել են Չիրաղան պալատում, որտեղ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Դոլմաբահչե պալատում, որտեղ իր գրասենյակն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ուկրաինական պատվիրակության կազմը, որը կրկին գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, մայիսի 16-ի համեմատ փոքր-ինչ փոխվել է։ Մասնավորապես, այնտեղ չի ընդգրկվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և օպերատիվ իրավունքի վարչության պետ Օլեքսեյ Մալովացկին։
Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել նախօրեին՝ հունիսի 1-ին: Նրա կազմը մնացել է անփոփոխ՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: