
Հոկտեմբերի 2-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը երկու երկրների նախագահներն ստորագրել էին այս տարվա հունվարին, Մոսկվայում: Այդ մասին հաղորդել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։
«Այս իրադարձությունը կարևոր ուղենիշ է ռուս-իրանական միջպետական հարաբերությունների պատմության մեջ, որոնք հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։ Փաստաթուղթն առաջադրում է հանգուցային կողմնորոշիչներ երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության բոլոր առաջնահերթ ուղղություններում», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, պայմանագիրը «նախատեսում է միջազգային ասպարեզում փոխգործակցության ամրապնդում բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում, ներառյալ սերտ համակարգումը առաջատար բազմակողմ միավորումների շրջանակներում, համատեղ ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման համար, հակահարվածն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին»։
«Պայմանագիրն արտացոլում է Ռուսաստանի և Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմավարական ընտրությունը՝ ի նպաստ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հետագա բազմակողմանի ամրապնդման, ինչը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել են ԱԳ նախարարությունում։