Ռուսաստանի և ԱՄԷ նախագահները քննարկել են Մերձ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ քննարկել է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները շարունակել են մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում վտանգավոր կերպով վատթարացող իրավիճակի վերաբերյալ, որը լուրջ հետևանքներ է ունենում ինչպես Իրանի, այնպես էլ արաբական երկրների համար։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է հակամարտության հետագա սրումը կանխելու և այն բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ալ-Նահյանին ԱՄԷ-ում գտնվող բազմաթիվ ՌԴ քաղաքացիներին ցուցաբերած աջակցության համար։

Նա նաև շնորհավորել է իր գործընկերոջը 65-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա անձնական նշանակալի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ոլորտներում։

Մարտի 11-ին Պուտինը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը նաև քննարկել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։