
Օշ քաղաքում «Ռուսական տան» աշխատակցուհի Նատալյա Սեկերինային, որին բռնել էր Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն վարձկանների հավաքագրման մեղադրանքով, բաց են թողել քննչական մեկուսարանից։
ՏԱՍՍ-ը ապրիլի 28-ի առավոտյան տեղեկացրել է, որ խափանման միջոցը փոխվել է՝ մեկուսարանից տնային կալանքով վարձկանների հավաքագրման գործի բոլոր ֆիգուրանտների համար։
Ապրիլի 25-ին ռուսական պետական գործակալությունը, հղում կատարելով Ղրղզստանի հատուկ ծառայությունների աղբյուրին, տեղեկացրել էր, որ գործով անցնողներին բաց թողնելը՝ խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելով, ընդունվել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետկոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւի եւ հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Վակունովի հանդիպումից հետո։
ՌԲԿ-ն հիշեցրել է, որ Սեկերինայից բացի, գործով անցնում են Օշի քաղաքապետարանի մամուլի ծառայության աշխատակից Սերգեյ Լապուշկինը, «Ռեգնում» տեղեկատվական գործակալության մեկնաբան Վիկտոր Վասիլեւը եւ եւս մեկ մարդ, որի անունը չի նշվում։
Գործը հարուցվել է Ղրղզստանի Քրեական օրենսգրքի հոդված 416-ով (վարձկանների հավաքագրում, ֆինանսավորում, նյութական աջակցություն, վարձկանների վերապատրաստում՝ այլ պետությունների զինված հակամարտություններում կամ պետական իշխանությունը տապալելու կամ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված բռնի գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաեւ ռազմական հակամարտություններում կամ գործողություններում վարձկանների օգտագործում): Հոդվածը նախատեսում է պատիժ՝ 7-10 տարի ժամկետով ազատազրկում։
Ենթադրվում է, որ մեղադրանքները վերաբերում են ռուսական բանակ հավաքագրմանը։
Օշի «Ռուսական տան» աշխատակցի կալանավորման մասին հայտնի է դարձել ապրիլի 23-ին, Նատալյա Սեկերինան կալանավորվել է ապրիլի 17-ին, իսկ երկու օր անց Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Դեպքի մանրամասները դեռ չեն հաղորդվում։