Ռուսական սառեցված ակտիվներից ստացված տոկոսներ...

Չեխիայի Հանրապետությունը կծախսի Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների վրա ստացված տոկոսների մի մասը՝ Ուկրաինայի համար հարյուր հազարավոր հրետանային արկերի գնմանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չեխիայի պաշտպանության նախարարությանը։

Արևմտյան երկրները Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո սառեցրել են մոտ 300 միլիարդ դոլար արժողությամբ Ռուսաստանի ինքնիշխան ակտիվներ:

ԵՄ երկրները տոկոսներ են վերցնում Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից գնված պարտատոմսեր և այլ արժեթղթեր ներառող ակտիվներից և այն փոխանցում են ԵՄ հիմնադրամին՝ Ուկրաինային օգնելու համար:

Հունիսին ԵՄ անդամ երկների կառավարությունները պայմանավորվել են օգտագործել այդ ակտիվներից 1,4 միլիարդ եվրոյի շահույթը՝ զենք գնելու և Ուկրաինային այլ աջակցության համար վճարելու համար:

Չեխիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ գումարի մի մասը կուղղվի Ուկրաինային՝ արևմտյան գործընկերների կողմից ֆինանսավորվող հրետանային զինամթերք ձեռք բերելու համար։

«Ռուսաստանի սառեցված ֆինանսներից ստացված եկամուտների շնորհիվ, որոնք կտրամադրի Եվրամիությունը, մենք Ուկրաինային մի քանի հարյուր հազար խոշոր տրամաչափի զինամթերք կմատակարարենք»,- հայտարարել է նախարար Յանա Չեռնոխովան։