Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել և զարգ...

Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել և զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ ճշմարիտ դաշինքի ոգով երկկողմանի գործընկերության կառուցման գործում։

Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են լիովին ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում թե՛ Անդրկովկասյան տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագիրը կնքվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին։ Այսօր նշվում է պայամանագրի կնքման 27-ամյակը։