
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Կորեայի ժողովրդական բանակի ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինծառայողների ջախջախմանը, հայտնում է Կրեմլի կայքը։
«Կորեացի ընկերները գործեցին համերաշխության, արդարության և իսկական ընկերության զգացումից դրդված: Մենք բարձր ենք գնահատում դա և անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում անձամբ պետական գործերի նախագահ ընկեր Կիմ Չեն Ընին, ամբողջ ղեկավարությանը և ԿԺԴՀ-ի ժողովրդին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուս զինվորների հետ ուս ուսի տված մեր և նաև իրենց հայրենիքը պաշտպանած կորեացի զինվորների հերոսությանը, հատուկ պատրաստվածության բարձր մակարդակին և նվիրումին։ Նրանք պատվով ու քաջությամբ կատարեցին իրենց պարտքը՝ հանգչելով չխամրող փառքով»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինն ընդգծել է, որ «ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեացի հատուկջոկատայինների սխրանքը»:
«Մենք միշտ հարգելու ենք կորեացի հերոսներին, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Ռուսաստանի, մեր ընդհանուր ազատության՝ իրենց ռուս զինակից եղբայրների հետ հավասար հիմունքներով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ հյուսիսկորեացի զինվորականները մասնակցել են Կուրսկի սահմանային տարածքի ազատագրման գործողությանը Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։