 
     
								Ռումինիայում ամերիկյան զորակազմի կրճատումը կփոխհատուցվի ՆԱՏՕ-ի այլ երկրներից զորքերի թվի ավելացմամբ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն «Ազատ Եվրոպայի» ռումինական հարթակին տված հարցազրույցում։
«Մենք ԱՄՆ-ի հետ և ՆԱՏՕ-ի շրջանակներում քննարկում ենք մեր պաշտպանական և զսպման ունակությունների հետագա մեծացման ուղիները, - ասել է նա։ - Մեր հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է հակաօդային պաշտպանության վրա…. Մինչև տարեվերջ և հաջորդ տարի մենք կտեսնենք…. ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը Ռումինիայում և առանձնապես՝ ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը միջամտելու հնարավորության առումով, եթե Ռումինիան անմիջական վտանգի ենթարկվի»։
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների տեսակետից ներկայում աշխատանքի գլխավոր ուղղությունն է կարողանալ միասին համատեղ ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - շարունակել է նախարարը։
Օրերս Միացյալ Նահանգները Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է երկրում իր զորակազմը մոտ 700 զինվորականով կրճատելու մասին:







