Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին և գործադրում են բոլոր ջանքերը՝ նվազեցնելու Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում լարվածության սրման վտանգը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այս մասին հայտարարել է Նյու Յորքում կայացած «Թուրք-ամերիկյան հարաբերությունները հարյուրամյակի շեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
Իր ելույթում Ֆիդանն ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունը գլոբալ խաղաղության և կայունության պահպանման գործում։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային զարգացման և խաղաղության պահպանման համար։
Ֆիդանը նաև նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է դառնա խնդիրների աղբյուր, այլ պետք է ծառայի որպես միջազգային համագործակցության հարթակ։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ Ֆիդանը նշել է, որ Անկարան շարունակում է ակտիվ կապ պահպանել թե՛ Կիեւի, թե՛ Մոսկվայի հետ։ «Մենք աջակցում ենք երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու համար», - ասել է նախարարը։
Ֆիդանն ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում էական նշանակություն ունի արդյունավետ գործընկերություն հաստատել գլոբալ տերությունների և տարածաշրջանային առանցքային դերակատարների միջև։
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ իր և ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։



