Ֆրանսիայում անցկացվում է Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովը, որի երկրորդ օրվան մասնակցում է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցությունների օրակարգում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ֆրանսիա մեկնելուց առաջ Ռուբիոն հայտարարել է, որ G7-ի երկրների շահերից է բխում Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգության ապահովման հարցում օգնելը։
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը հանդիպումից առաջ լրագրողներին ասել է, որ հարկավոր է հասնել հակամարտության արագ լուծման, որը կապահովի տարածաշրջանային անվտանգության վերականգնումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի բացումը։ Նրա խոսքով՝ Իրանը խաթարում է համաշխարհային տնտեսությունը՝ փակելով Հորմուզի նեղուցը։
Մեծ յոթնյակի արտգործնախարարների գագաթնաժողովը մեկնարկել է մարտի 26-ին։
Reuters-ը նշում է, որ վերջին երկու օրվա ընթացքում եվրոպացի պաշտոնյաները մեղադրել են Ռուսաստանին Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու համար։ Ռուբիոն Ֆրանսիա մեկնելուց առաջ հայտարարել է, որ Ռուսաստանն, իր կարծիքով, կենտրոնացած է Ուկրաինայի դեմ պատերազմի վրա։
Ռուսաստանն ավելի վաղ հերքել է Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մեղադրանքները։



