
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Այս մասին նա ասել է լրագող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում։
Մարկո Ռուբիոն, ի թիվս այլ հարցերի, խոսել է Էր Ռիադում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև կայացած բանակցությունների մասին։ Նա շեշտել է, որ հարկավոր է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ, որը միջուկային զենք ունի և գերտերություն է հանդիսանում, անկախ նրանից «դա մեզ դուր է գալիս, թե ոչ»։
Ռուբիոն նշել է, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ հնարավոր համաձայնագրի մանրամասները չեն քննարկվել։ Ըստ Ռուբիոյի՝ կողմերը քննարկել են երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը, այն հարցերը, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել։
Պետքարտուղարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները չեն քննարկել տարածքային հարցեր:
«Մենք տարածքների վերաբերյալ ոչ մի կոնկրետ հարց չենք քննարկել, ոչ մի նման բան, որովհետև դա չի եղել հանդիպման նպատակը։ Հանդիպման նպատակն է եղել հասկանալ՝ արդյոք կա խաղաղությունը քննարկելու իրական հետաքրքրվածություն», - ասել է Ռուբիոն։
Նա նաև նշել է, որ հրադադարի հնարավոր համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։
«Հնարավոր չէ կանգնեցնել պատերազմը, քանի դեռ երկու կողմերն ու նրանց տեսակետները ներկայացված չեն: Նրանք երկուսն էլ պետք է համաձայնեն դրան: Օրինակ՝ Ռուսաստանը չի կարող համաձայնել հրադադարի կամ ռազմական գործողությունների ավարտի, եթե ուկրաինացիները չհամաձայնեն դրան: Դա պետք է լինի երկու կողմերի համար ընդունելի պայմաններով», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հարցազրուցում անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել դրանց վերացման հարցը։
«Եվրոպացիները և ԵՄ-ն ունեն իրենց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Նույնիսկ եթե մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, ապա եվրոպացիները նույնպես ստիպված կլինեին չեղարկել իրենց պատժամիջոցները, որպեսզի ինչ-որ բան հնարավոր լինի: Այնպես որ, ինչ-որ պահի պետք է խորհրդակցել նրանց բոլորի հետ, բայց մենք դեռ այդ փուլում չենք», - նշել է նա:
Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ միակ բանը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Էր Ռիադում բանակցությունների ընթացքում, այն է, որ «մենք խոսելու ենք խաղաղության մասին»։
Նա նաև նշել է, որ այս գործընթացների մասին տեղեկացվում են ինչպես Ուկրաինայի նախագահը, այնպես էլ եվրոպական երկրները։