ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադա Մուավադը և ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերն ապրիլի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00), կհանդիպեն Վաշինգտոնում՝ մեկնարկելու երկկողմ ուղիղ բանակցությունները։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված օրակարգում։
Ըստ օրակարգի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմիանա երկու դեսպանների հետ «աշխատանքային մակարդակով» բանակցություններին։
Նախատեսվում է, որ քննարկումը կկենտրոնանա Լիբանանում հրադադարի ապահովման, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի զինաթափման և խաղաղության պայմանավորվածության վրա։
«Հեզբոլլահ»-ը մերժել է նախատեսված բանակցությունները՝ դրանք անվանելով «անօգուտ» և կոչ անելով Լիբանանի կառավարությանը կենտրոնանալ Իսրայելի «ագրեսիայի» դեմ պայքարի վրա։
Լիբանանի մշակույթի նախարար Ղասան Սալամեն հայտարարել է, որ Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև սպասվող բանակցությունները «նախնական հանդիպում» են, որի նպատակն է դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա։
«Մենք խոսում ենք դեսպանների մակարդակով նախապատրաստական հանդիպման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցման, եթե ոչ հրադադարի մասին», - ասել է նա Al Jazeera-ին։
Նախարարի խոսքով՝ երկու կողմերը կկարողանան քննարկել հնարավոր խաղաղության բանակցությունները «որոշակի հանգստությամբ» միայն այն ժամանակ, երբ դադարեն իսրայելական ռմբակոծությունները։ Նա նշել է, որ Լիբանանն արդեն ստացել է «որոշակի խոստում, որ Բեյրութի տարածքում պետք է լինի լարվածության թուլացում», չնայած երաշխիքը, ըստ նախարարի, հավանաբար, չափազանց «մեծ բառ» է։
Նա ընդունել է, որ Լիբանանը մեծ լծակներ չունի բանակցությունների մեկնարկին ընդառաջ՝ հավելելով որ կառավարությունը «փորձում է վերականգնել պետական իշխանությունը»։
«Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցի վերաբերյալ Սալամեն ասել է, որ նման գործընթացը «ժամանակ է պահանջում» և չի կարող իրականացվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից հետո «Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելին՝ հաջակցություն Թեհրանի, և դրանով Լիբանանը ներքաշել է հակամարտության մեջ։ Իսրայելի ավիահարվածների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։



