ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Իրաքում առևանգված ամերիկացի կին լրագրող Շելլի Քիթլսոնի ազատ արձակումը։ Այս մասին նա գրառում է կատարել X-ում։
«Ուրախ եմ հայտարարելու ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնի ազատ արձակման մասին, որին վերջերս Բաղդադում առևանգել էին «Քաթայիբ Հեզբոլլահ» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամները», - հայտարարել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն «աշխատում է, որ նա անվտանգ կերպով հեռանա Իրաքից»: Ավելի վաղ Քիթլսոնի ազատ արձակման մասին հայտարարել էր շիաների «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորումը։
Լրագրողին առևանգել էին մարտի 31-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ նա մնում էր։ Քիթլսոնը երկար ժամանակ աշխատել է Բաղդադում. նրա նյութերը հիմնականում նվիրված էին իրաքյան զինված խմբավորումներին, ամերիկա-իրաքյան հարաբերություններին և անվտանգության ոլորտում տարածաշրջանային իրադարձություններին։



