Ռուբեն Մխիթարյանի եւ «Հայաթ պրոջեքթի» հարաբեր...

«Հրապարակ» գրում է ․

«Հրապարակի» տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի եւ «Հայաթ պրոջեքթի» հարաբերությունները լարվել են` ընտրությունների հողի վրա: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել եւ բենդից, եւ խմբի հիմնադիր Ռուբեն Մխիթարյանից: «Հայաթ պրոջեքթի» պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ասել` խորհուրդ տալով դիմել Ռուբեն Մխիթարյանին: Ակնհայտորեն չցանկացավ խոսել, թեեւ խոսելու բան կար: Իսկ Ռ. Մխիթարյանի շտաբից կտրուկ հերքեցին, թե` նման բան չկա. «Դուք կարող եք սոցցանցով նայել, տեսնել, որ առաջիկայում բոլոր համերգներն ուժի մեջ են, դրանք պարոն Մխիթարյանն է կազմակերպում, «Հայաթը» բնականոն հունի մեջ է, իսկ քարոզարշավներին` ի սկզբանե ասել ենք, որ «Հայաթ պրոջեքթը» չի ընդգրկվելու»։ Ավելի ուշ մեզ հետ կապվեց նաեւ Ռուբեն Մխիթարյանը եւ ասաց. «Կատարյալ սուտ է, «Հայաթ պրոջեքթը» պայմանագիր ունի իմ ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը ես եմ, շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը»: 

Սակայն մեր աղբյուրն ասում է, որ խոսքը ոչ թե համերգները դադարեցնելու մասին է, այլ այն մասին, որ «Հայաթ պրոջեքթն» ամեն ինչ արել է, որ չառնչվի Գյումրիի ընտրություններին, չմասնակցի Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավին, մոտավորապես` «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» տրամաբանությամբ: Բայց հավանաբար, այնուամենայնիվ, ինչ-որ ձեւով շոշափվել է բենդի անունը եւ ապաքաղաքական երգիչ-երաժիշտներին դա դուր չի եկել եւ բախում է եղել խմբի հիմնադիր տնօրենի հետ:

Ուղղակի որոշել են կոնֆլիկտը ամեն կերպ պահել կուլիսներում` չբարձրաձայնել եւ իրենց հարաբերությունները պարզել միայն ընտրություններից հետո, որ Մխիթարյանին չվնասեն եւ չստացվի, որ իշխանական թելն են թելում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 27․ 03․ 25 թ համարում։