Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատար...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում: Այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը:

Ըստ փաստաբանի՝ գործը կարող է քննվել բացառությամբ առկա մեղադրանքի շրջանակներում:

«Մեղադրանքը վարկած է, որ ոչ թե անձը կատարել է ինչ-որ վատ բան, այլ Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ բան է կատարել, այսինքն՝ չեն ասում՝ Արա՛մ, դու վատ բան ես կատարել, արի քեզ դատենք, հետո կհասկանանք՝ որ հոդվածի տակ է: Երբ այդպես են ասում՝ դա միջնադարյան ինկվզիցիան է, երբ մարդուն բռնում են, ասում են՝ դու չար բան ես կատարել, քո հոգին փրկելու համար արի հասկանանք՝ ինչ ես կատարել»,- ասաց Օրբելյանը:

Ճշտող հարցին՝ Դուք կարծում եք՝ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիացիա՞ են կատարում, նա արձագանքեց. «Իհարկե, երբ չկա մեղադրանքը՝ որ հոդվածի շրջանակներում է, դա կոչվում է ինկվիզիցիա:

Որպեսզի գործն ընդհանրապես հնարավոր լինի քննել, հետո փոխել-չփոխել, համապատասխանեցնել-չհամապատասխանեցնել, պետք է լինի մեղադրանք, որի մեջ երկու կարևոր պահանջ է՝ մեկը գործողությունների նկարագիր, դրա մասին 6 տարի է՝ ասում եմ՝ այս մեղադրանք կոչվող փաստաթղթում Ռոբերտ Քոչարյանին վերագրած գործողություն չկա»:

Հարցին էլ՝ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 28-ին գալո՞ւ է դատարան, թե՞ ըստ դատարանի որոշման բերման են ենթարկելու, նա պատասխանեց՝ չի կարող ապագան գուշակկել և իմանալ՝ կգա, թե՝ ոչ:

«Բայց ես կարող եմ մի բան ասել՝ այդ որոշումն ակնհայտ ոչ իրավաչափ է»,- նշեց նա: