Երկուշաբթի Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում է G20-ի ղեկավարների գագաթնաժողովը. քննարկվելու են համաշխարհային տնտեսության և քաղաքականության համար չափազանց կարևոր թեմաներ, սակայն վերջնական հռչակագրի ընդունումը կարող է կասկածի տակ լինել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հայտնի է, որ Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին չեն հրավիրել գագաթնաժողովին: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ շատ ջանք է գործադրել, որպեսզի Զելենսկին հրավիրվի Բրազիլիայում G20 գագաթնաժողովին, սակայն չի հաջողվել ցանկալի արդյունքին հասնել։
Մինչդեռ Ռուսաստանը միջոցառմանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Բրազիլիայի G20-ի նախագահությունը նշել է երեք հիմնական առաջնահերթություններ՝ սոցիալական ներառականություն, միջազգային ինստիտուտների բարեփոխում և էներգետիկ անցում:
Առաջնորդները գագաթնաժողովի առաջին օրը կսկսեն՝ քննարկելով Սովի և աղքատության դեմ գլոբալ դաշինքի մեկնարկը, որը ենթադրում է երկրների և միջազգային կազմակերպությունների ներդրումն այս սոցիալական երևույթների դեմ մինչև 2030 թվականը պայքարն արագացնելու համար։
Բացի այդ, նոյեմբերի 18-ին առաջնորդները կքննարկեն ՄԱԿ-ի, ԱՄՀ-ի և ԱՀԿ-ի բարեփոխումները, որպեսզի այդ կառույցները կարողանան աշխատել ավելի արդյունավետ և արդար։
Գագաթնաժողովի երկրորդ օրը բանավեճերը նվիրված կլինեն էներգետիկ անցման խնդրին։ G20 երկրներին բաժին է ընկնում ածխաթթու գազի արտանետումների մեծ մասը, ուստի Բրազիլիան ցանկանում է քննարկել կանաչ տեխնոլոգիաներին և էներգիային անցումը: