Ինքնաթիռ արտադրող Boeing-ը բարելավված առաջարկ է արել գործադուլ անող ամերիկացի աշխատողներին՝ ներառյալ չորս տարվա ընթացքում աշխատավարձի 38%-ով բարձրացումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ արհմիության ներկայացուցչին հղումով։
Նրա խոսքով, ավելի քան 30 հազար արհմիության աշխատակիցներ շուտով կստանան նոր առաջարկը, իսկ նոյեմբերի 4-ին տեղի կունենա քվեարկություն, որի ժամանակ արհմիության անդամները կորոշեն՝ մերժե՞լ այն, թե՞ ընդունել:
Հոկտեմբերի 19-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ կորպորացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել բողոքող աշխատողների հետ աշխատավարձերը 35%-ով բարձրացնելու համար՝ դադարեցնելու գործադուլը, որը շարունակվում էր սեպտեմբերից։ Որպեսզի գործարքը հաստատվեր, արհմիության անդամների կեսից ավելին պետք է կողմ քվեարկեր դրան։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 24-ին Associated Press-ը, վկայակոչելով Մեխանիկական և օդատիեզերական աշխատողների միջազգային ասոցիացիան, հայտարարեց, որ Boeing գործարանների աշխատակիցները դեմ են քվեարկել գործատուի հետ աշխատավարձերի բարձրացման պայմանագիր կնքելուն և շարունակել են գործադուլը։
Սեպտեմբերին Boeing-ի գործարանների 33 հազար աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացրել՝ մերժելով ընկերության առաջարկը՝ բարձրացնել աշխատավարձերը։ Հոկտեմբերին Boeing-ի գործադիր տնօրեն Քելլի Օրտբերգը հայտարարել էր, որ բարդ իրավիճակի ֆոնին ընկերությունը մտադիր է 10%-ով կրճատել իր աշխատուժը, և Boeing-ի մոտ 17 հազար աշխատակից կհայտնվի կրճատման վտանգի տակ։