Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆ-ն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5-ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այս գիշեր ժամը 03:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով հարվածել է Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտին: Ըստ հաստատված տվյալների՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ: Հակահրթիռային մարտի արդյունքում С 400 ՀՕՊ համակարգի և «Պանցիր» ՀՕՊ հրթիռային համակարգերի մարտական անձնակազմերը խոցել են 5 հրթիռ և վնասել 1-ը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
ATACMS-ի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում, հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք՝ РБК Украина-ն, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում իրազեկ աղբյուրին, գրել էր, որ երկրի պաշտպանության ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարվածել են ATACMS բալիստիկ հրթիռներով։
Նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ գրել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր մատակարարած զենքերով հարվածել ՌԴ տարածքի խորքին: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը տեղեկությունը դեռ չի հաստատել: