ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սոչի ժամանած Մոլդովայի Գագաուզիա ինքնավար մարզի բաշկան (ղեկավար) Եվգենյա Հուցուլին։
Գագաուզիայի ղեկավարն ասել է, որ Սոչիում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում Պուտինի հետ քննարկել է «տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ հարցեր, որոնց էպիկենտրոնը» տարածաշրջանն է։
«Ես Պուտինին տեղեկացրել եմ Մոլդովայի իշխանությունների անօրինական գործողությունների մասին, որոնք վրեժ են լուծում մեզնից մեր քաղաքացիական դիրքորոշման և ազգային շահերին հավատարմության համար», - գրել է Հուցուլը։
Նշենք, որ Եվգենյա Հուցուլը ներկայացնում է ընդդիմադիր Ինալ Շորի քաղաքական ուժը, որին Մոլդովայի իշխանությունները մեղադրում են Մոսկվայի օգտին աշխատելու մեջ։