ՌԴ-ն Ուկրաինայում հարձակման տեմպերի մոտ 2-ամյ...

Ռուսական բանակն օգոստոսին 477 քառակուսի կիլոմետր առաջ է շարժվել ուկրաինական տարածքում, ինչը ոչ մեծ ամսական առաջընթաց է 2022թ. հոկտեմբերից հետո, գրել է AFP-ը՝ հղում կատարելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանների տվյալներին։

Անցած ամիս ռուսական բանակն առաջ է շարժվել օրական 15-ական քառակուսի կիլոմետր, հիմնականում Դոնեցկի մարզի արեւելյան շրջաններում։ Հիմնական ուժերը կենտրոնացվել են Պոկրովսկի մոտ, որտեղ գտնվում է ուկրաինական զորքերի մատակարարման խոշոր կենտրոնը։ Անցած կիրակի ռուս զինվորականները քաղաքին մոտեցել են մոտ յոթ կիլոմետր։

Վերջին անգամ ՌԴ ԶՈւ-ն մեկ ամսում այդքան տարածք գրավել էր 2022թ. հոկտեմբերին՝ ի պատասխան Խարկովում ուկրաինական հակահարձակման։ 2024թ. սկզբին ռուսական բանակը վերսկսել է հարձակումն ուկրաինական տարածքի դեմ՝ գրավելով 1 730 քառակուսի կիլոմետր, ինչը երեք անգամ ավելին է, քան 2023թ., երբ Ուկրաինայի ԶՈւ-ն կարողացավ վերադարձնել զավթված տարածքները։

Վերլուծաբանները նշում են, որ ուկրաինական զորքերի համար ներկա պահին դժվար է հակահարձակվել սեփական տարածքում։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանը վերահսկում էր 66 266 քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք, անեքսիայի ենթարկված Ղրիմի հետ միասին Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի 18 տոկոսը։

Ուկրաինայի ԶՈւ-ն օգոստոսի սկզբին ներխուժեց Կուրսկի մարզ՝ ավելի քան 1,1 քառակուսի կիլոմետր։ Ներկա պահին ուկրաինական զորքերը վերահսկում են Ռուսաստանի տարածքի 1 150-1 300 քառակուսի կիլոմետրը։

Ռազմական վերլուծաբան Յան Մատվեեւի խոսքով՝ Կուրսկի մարզի լիարժեք պաշտպանության եւ կորցրած տարածքների վերադարձի համար ՌԴ ՊՆ-ին պետք է մոտ 50 հազար զինծառայող։ Բայց Կրեմլը չի նախատեսում բանակ տեղափոխել Ուկրաինայից՝ բոլոր ուժերը կենտրոնացնելով Դոնբասում հարձակման վրա, որտեղ, Deep State-ի տվյալներով, ռուսական բանակն օգոստոսի սկզբից զավթել է միայն 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Մեկ ամիս առաջ ՌԴ առաջընթացն ավելի համեստ էր՝ 50 քառակուսի կիլոմետր։

Կուրսկի մարզ կուղարկվեն ժամկետայիններ, նշել էին Bloomberg-ի՝ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները։ «Մեդուզայի»՝ ռուսական իշխանություններին մոտ գտնվող զրուցակիցների խոսքով՝ մարտերը Կուրսկի մոտ կշարունակվեն «մի քանի ամիս», եւ սա «լավատեսական գնահատական է»։