Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների մասշտաբային փոխանակում իրականացնել և Սուրբ Ծննդյան հրադադար հայտարարել, սակայն Կիևը մերժել է այս նախաձեռնությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հունգարիայի վարչապետը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ (խմբ.՝ դեկտեմբերի 11-ին) կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկ է արել Սուրբ Ծննդի նախօրեին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակում իրականացնել, ինչպես նաև հայտարարել սուրբծննդյան հրադադար», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Պեսկովն ընդգծել է, որ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել խաղաղության շուրջ բանակցություններից և բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրանք վերսկսել 2022 թվականի ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա»։
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան անմիջապես արձագանքել է Օրբանի նախաձեռնությանը։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ դատելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի արձագանքից սոցիալական ցանցերում, ինչպես նաև նրա շրջապատի արձագանքից՝ ուկրաինական կողմը մերժել է Օրբանի բոլոր առաջարկները։
«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղության հաստատման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։ Ռուսական կողմը լիովին աջակցում է Օրբանի ջանքերին՝ ուղղված խաղաղ կարգավորման և գերիների փոխանակման հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։