Կուրսկի մարզի իշխանությունները բնակիչներին կոչ են արել սոցիալական ցանցերում և հանրային ռեսուրսներում չհրապարակել այն հարազատների և ընկերների անձնական տվյալները, որոնց հետ կապը կորել է։ Տարածաշրջանում անհայտ կորածների որոնողական աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպություններն ու կամավորները, գրում է «Коммерсантъ»-ը։
«Հակառակորդը ցանկացած հասանելի տեղեկություն ակտիվորեն օգտագործում է շահադիտական նպատակներով։ Անհայտ կորածների անձնական տվյալների հրապարակումը բաց աղբյուրներում կարող է սրել իրավիճակը։ Տեղեկատվական և հոգեբանական գործողությունների կենտրոնն ակտիվորեն նման տեղեկություն է հավաքում շանտաժի և ապատեղեկատվության տարածման համար»,- ասված է Կուրսկի մարզի կառավարության թելեգրամյան ալիքում զետեղված հայտարարության մեջ։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել որոնումներ իրականացնել ստուգված մասնակիցների հետ փակ չաթերում:
Օգոստոսի 6-ից Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի հետ մարտեր են ընթանում։ Տարածաշրջանում մտցվել է դաշնային արտակարգ իրավիճակ և հակաահաբեկչական բնույթի գործողություն։ Ռուսական կողմի տվյալներով՝ օգոստոսի 12-ի դրությամբ ուկրաինական բանակը Կուրսկի շրջանում վերահսկողության տակ է վերցրել 28 բնակավայր, որոնցում մնացել է մոտ 2 հազար մարդ, տարհանվել է ավելի քան 121 հազար բնակիչ։
Այսօր՝ օգոստոսի 14-ին, հատուկ նշանակության «Ախմատ» ջոկատի հրամանատար, ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ Ապտի Ալաուդինովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ծրագրել են գրավել Կուրսկի մարզի Կուրչատով քաղաքի ատոմակայանը։ Ըստ նրա՝ ներխուժման մեջ ներգրավված տեխնիկայի մեծ մասն արդեն ոչնչացվել է։ Ապտի Ալաուդինովը նաև հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներին չի հաջողվել գրավել Սուջան, և իրենք չեն վերահսկում քաղաքը։



