ՌԴ ԿԲ-ն նախազգուշացրել է ռեցեսիայի ռիսկերի պա...

Համաշխարհային ռեցեսիայի աճող ռիսկերը կարող են լրացուցիչ թուլացնել ռուսական արտահանման արտաքին պահանջարկը եւ հանգեցնել ռուբլու թուլացման, ասվում է Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհրդի նիստի արդյունքներով արված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը անսպասելիորեն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը միանգամից 1,5 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 8 տոկոս։

Կարգավորողը նշել է, որ արտաքին պայմաններից բխող ռիսկերի շարքը կարող է ունենալ ինչպես գնաճամետ, այնպես էլ ապագնաճային ազդեցություն: Գնաճամետ ազդեցությունը կարող է առաջանալ արտաքին առեւտրային եւ ֆինանսական սահմանափակումների հետագա խստացումից, ինչը կհանգեցնի ռուբլու թուլացման եւ Ռուսաստանի տնտեսության ներուժի սպասվածից ավելի նվազման:

Կենտրոնական բանկը նշել է, որ առաջարկի մասով սահմանափակումները կարող են մեծանալ, մասնավորապես, պատրաստի արտադրանքի, հումքի եւ բաղադրիչների պաշարների դանդաղ համալրման պատճառով, եթե ներմուծման դինամիկայի բացասական միտումները պահպանվեն: «Իր հերթին, համաշխարհային ռեցեսիայի աճող ռիսկերի իրականացումը կարող է լրացուցիչ թուլացնել ռուսական արտահանման արտաքին պահանջարկը եւ, որպես հետեւանք, հանգեցնել ռուբլու թուլացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Բանկը կանխատեսում է, որ 2022 թվականի վերջին գնաճը կկազմի 12-15 տոկոս:

2023 թվականի տարեկան գնաճի կանխատեսումը պահպանվում է 5-7 տոկոսի մակարդակում, 2024 թվականին տարեկան գնաճի սպասելիքները նույնպես մնացել են նույնը՝ 4 տոկոսի մակարդակում։

Ավելի վաղ կարգավորիչը կանխատեսել էր, որ 2022 թվականի վերջին գնաճը կկազմի 14-17 տոկոս:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Բանկը բարելավել է 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի անկման իր կանխատեսումը՝ 8-10 տոկոսից հասցնելով 4-6 տոկոսի:

Կանխատեսման ապրիլյան տարբերակում Ռուսաստանի Բանկը սպասում էր այս տարի Ռուսաստանի տնտեսության 8-10 տոկոս նվազում, այժմ կանխատեսվում է 4-6 տոկոս նվազում։ Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում ՌԴ տնտեսության նվազումը կկազմի 8,5-12 տոկոս (սա ավելի լավ է, քան անկման ԿԲ ապրիլյան 12,5-16,5 տոկոս սպասելիքները)։