ՌԴ իշխանությունները պատրաստվում են ցմահ ազատա...

Ռուսաստանում կարող են ցմահ ազատազրկել զինված խռովության կազմակերպման համար։ Պետդումայի պետական շինարարության եւ օրենսդրության կոմիտեն խորհուրդ է տվել խորհրդարանի ստորին պալատին ընդունել  համապատասխան օրինագիծ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Առաջարկել Պետական դումայի խորհրդին ներառել նշված օրինագիծը Պետդումայի աշխատանքի օրակարգում՝ առաջին ընթերցմամբ դիտարկելու համար 2024թ. հոկտեմբերի 1-ին»,- ասված է կոմիտեի որոշման մեջ։

Գործող օրենսդրությունը ենթադրում է պատիժ զինված խռովության կազմակերպման եւ դրան մասնակցության համար 12-20 տարի ժամկետով։ Օրինագծի համաձայն, որը հուլիսին Պետդումա է մտցրել կառավարությունը, ստորին շեմը կբարձրացվի 15-ի խռովության կազմակերպման համար, իսկ առավելագույն ժամկետը ենթադրվում է ավելացնել՝ հասցնելով ցմահ ազատազրկման, եթե խռովությունը հանգեցրել է մարդու մահվան կամ ծանր հետեւանքների։ Բացի այդ, լրացումներում նախատեսվում են տուգանքներ՝ 500 հազարից մինչեւ 1 մլն ռուբլու չափով։

Ենթադրվում է նաեւ փոփոխություն կատարել ՌԴ ՔՕ 275 հոդվածում (պետական դավաճանություն), որը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատման հնարավորություն զինված խռովության համար, եթե նրա մասնակիցը ինքնակամ եւ ժամանակին տեղեկացրել է իշխանության մարմիններին կամ այլ կերպ նպաստել է ՌԴ շահերի հետագա վնասման կանխմանը։ Այդ անձի գործողություններում, սակայն, չպետք է պարունակվի այլ հանցակազմ։

«Այս որոշումը թույլ կտա մոտիվացնել զինված խռովության մասնակիցներին՝ հրաժարվել հակաիրավական գործողությունների շարունակումից»,- նշվել է օրինագծի պարզաբանման մեջ։

2023թ. հունիսի 24-ին «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը զինված խռովություն կատարեց։ Նա իր վարձկանների հետ զավթեց Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը Դոնի Ռոստովում եւ հայտարարեց «Արդարության երթ» դեպի Մոսկվա, որպեսզի հասնի ՌԴ այն ժամանակ գործող պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրաժարականին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմեց ռուսաստանցիներին՝ խռովարարներին «դավաճաններ» անվանելով եւ կոչ անելով նրանց վայր դնել զենքը։ Դրանից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցեց Կրեմլի եւ Պրիգոժինի բանակցություններին։ Հունիսի 24-ի երեկոյան «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավարը հրաժարվեց խռովությունը շարունակելուց եւ համաձայնեց վարձկաններին տեղափոխել Բելառուս։

Ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, սակայն նույն թվականի օգոստոսի 23-ին Պրիգոժինի Legacy 600 մասնավոր ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Պետերբուրգ, կործանվեց Տվերի մարզում։ Ինքնաթիռում էին ինքը՝ Պրիգոժինը, «Վագներ» ՄՌԿ հրամանատար Դմիտրի Ուտկինը, եւս հինգ ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ։ Նրանք բոլորը զոհվեցին։