ՌԴ և ԱՄՆ պաշտոնյաները Բայդենի օրոք Շվեյցարիայ...

2024–2025 թվականներին ռուսներն ու ամերիկացիները մի քանի անգամ հանդիպել են Շվեյցարիայում՝ քննարկելու Ուկրաինան, ինչը կարող էր լինել շփումների փորձ` հարաբերությունների բարելավման, այսպես կոչված, «երկրորդ ուղու» շրջանակներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նման հանդիպումների ընթացքին ծանոթ երեք աղբյուրների։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում նման մի քանի «հանգիստ հանդիպումներ» են եղել, որոնցից վերջինը կարող էր տեղի ունենալ Ժնևում՝ անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։

Հանդիպման մասնակիցների անունները չեն հաղորդվում։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ դրանք «դիվանագիտության և անվտանգության փորձ ունեցող» մարդիկ էին, բայց իրենց կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչներ չէին, ասել են երկու աղբյուրներ: Դոնալդ Թրամփի առնվազն որոշ խորհրդականներ գիտեին դրանց մասին, պնդում է գործակալությունը։

Reuters-ը նաև ավելի վաղ հայտնել էր ոչ պաշտոնական «երկրորդ ուղու» վրա հարաբերություններ հաստատելու փորձերի մասին 2023-ին և 2024-ի սկզբին, երբ, ինչպես գրում է գործակալությունը, «Պուտինն ազդարարեց իր պատրաստակամությունը դիտարկելու Ուկրաինայում հրադադարի տարբերակը»: Այն ժամանակ, իրենց տվյալներով, նման հանդիպումներն արդյունք չեն տվել։