Ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սա...

Հարավային Կովկասում ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Արման Սարգսյանը հաստատեց այն տեղեկությունները, որ հայ-ադրբեջանական սահմանին նկատվել է Ադրբեջանի զորքերի և տեխնիկայի կուտակում՝ նշելով, որ այդ մասին պաշտոնապես հաղորդագրություն է տարածել նաև Պաշտպանության նախարարությունը։

«Ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»,- ավելացրեց Սարգսյանը։

Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն նշեց, որ  տեսանյութերում պարզ  երևում  են  հրետանային միջոցների  և մի շարք այլ ռազմական տեխնիկայի կուտակումներ։

«Այդ մասին խոսվել է: Չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք:  ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք՝ որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի գործն  էսկալացիայի, առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի»,- եզրափակեց Սարգսյանը։