Քրեակատարողական ծառայողների աշխատավարձը կբարձ...

Այսօր կառավարության նիստում  որոշում կայացվեց քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացնել 30 տոկոս։

Հարցը զեկուցեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումը խոսում է իրենց քաղաքականության համալիր բնույթի մասին․

«Եթե մենք խոսում ենք՝ ընդունում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը, սրա՝ ուժի մեջ մտնելուց հետո մեր իրավապահ համակարգը պետք է նոր թափով, նոր տեմպով և նոր որակով աշխատի այդ խնդրի վրա, աշխատավարձի բարձրացումը սրա շատ կարևոր բաղադրիչն է»։

Նա նաև կարևորեց քրեակատարողական հիմնարկների սննդի կազմակերպման նոր կարգը և նշեց, որ  ՔԿՀ-ներում, որտեղ սնունդը նոր կարգով է տրամադրվում, կալանավորների 100 տոկոսն օգտվում է, շեշտեց, որ նախկին համակարգում շատ վատ վիճակ էր, և պետության առաջարկած սնունդը օգտագործում էր 10-20 կամ 30 տոկոսը:

«Սա նաև դատապարտված և կալանավորված անձանց սոցիալական բեռի էական թեթևացում է, և այսօր ՔԿՀ-ում ունենք բազմաթիվ  թափուր աշխատատեղեր։ Պատճառը նաև այն էր, որ աշխատավարձերը ցածր էին, ռիսկայնությունը բարձր էր, մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում այս աշխատանքն իր գրավչությունը կորցնում է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս որոշմամբ դե ֆակտո նոր աշխատատեղեր են ստեղծում:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաստատեց, որ իրենց մոնիտորինգով սննդի նոր կարգը  իսկապես դրական փոփոխություն է, և եթե այս համակարգը շարունակվի, շատ մեծ ազդեցություն կունենա։

Բադասյանն էլ նշեց, որ այս տարի բոլոր քրեակատարողական հիմնարկներում տեղադրվի սննդի մատակարարման նոր կարգը։

Աշխատավարձերի բարձրացման հետ կապված՝ Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանը բարձրաձայնեց վերաբաշխումների վերաբերյալ, վարչապետը սրան արձագանքեց.

«Մենք պայմանավորվել ենք սկզբում, որ ոլորտում առկա գումարների մեջ վերաբաշխում ենք անում՝ հիմիկվանից խնդիրը լուծելու համար, որ պահին տեսնենք, որ լրացուցիչ հատկացում անելու կարիք կա, դա կանենք, այդ սկզբունքը պետք է պահվի»:

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով, արձանագրեց, որ պայմանավորվել են Արդարադատության նախարարության հետ աշխատավարձերի բարձրացումը անել վերաբաշխումների հաշվին։