Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։
Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը։ Մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։
Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։
Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից և «Անգլերենի ուսուցման կենտրոնում» ուսանելու փաստաթուղթ։ Նաև պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի 10 հազար դոլար։
Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն՝ ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով։ Սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են, և կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անօրինական միգրացիա կազմակերպելու և կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



