ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրք, որում ասվում է․
«I. Ներածություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) հանձնառու է խթանել ժողովրդավար, ազատ, արդար և թափանցիկ հասարակության զարգացումը: Սույն Էթիկայի Կանոնագիրքը սահմանում է վարքագծի պարտադիր կանոններ Կուսակցության բոլոր անդամների համար՝ նպատակ ունենալով խթանել վստահություն Կուսակցության ներսում և հանրության շրջանում:
Կանոնագիրքն արտացոլում է Կուսակցության նվիրվածությունը ժողովրդավարությանը և օրենքի գերակայության սկզբունքին, հանրային շահին, ազնվությանը, բարեվարքությանը, հանրային համերաշխությանը և հաշվետվողականությանը։
II. Ազնվություն և պարկեշտություն
Կուսակցության անդամները պարտավոր են`
- գործել ազնվորեն և թափանցիկ՝ իրենց քաղաքական և հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնելով միայն ճշմարիտ տեղեկատվություն,
- կատարել իրենց պարտականությունները բարեխղճորեն՝ ծառայելով Հայաստանին բոլոր դերերում՝ կոմպետենտությամբ և հոգատարությամբ,
- չօգտագործել Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը ուղղակի կամ անուղղակի անձնական օգուտ ստանալու համար,
- ստորադասել անձնական շահը հանրային շահին և խուսափել ցանկացած իրավիճակից, որը կարող է հանրության շրջանում ստեղծել օբյեկտիվ կասկած շահերի բախման առկայության մասին,
- խուսափել հովանավորչությունից, նեպոտիզմից եւ ցանկացած այլ կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից,
- չկատարել գործողություններ, որոնք կարող են վնասել Կուսակցության հեղինակությանը, խաթարել վերջինիս հանդեպ վստահությանը և/կամ հակասել ժողովրդավարության սկզբունքներին։
III. Հավասարություն և խտրականության բացառում
- Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, որը հիմնված է սեռի, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքի, առողջական վիճակի (այդ թվում՝ հաշմանդամության), կամ որևէ այլ հանգամանքի վրա,
- խթանել ներառական, հարգալից ու հավասար հնարավորություններ ապահովող միջավայր Կուսակցության գործունեության բոլոր ասպարեզներում։
IV. Հարգալից վերաբերմունք և բռնության բացառում
- Կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում,
- Կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում,
- Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն։
V. Քաղաքական մշակույթ
- Կուսակցության անդամները պարտավոր են խթանել ժողովրդավարական քաղաքական մշակույթը, որի հիմքում երկխոսությունը, համերաշխությունը, փոխադարձ հարգանքը և պատասխանատու վարքագիծն են,
- Կուսակցության անդամները պետք է բարեվարք, հաշվետու և թափանցիկ գործունեությամբ օրինակ ծառայեն՝ բարձրացնելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ,
- Կուսակցության անդամները պարտավորվում են դրսևորել արդար, ազնիվ և թափանցիկ վարքագիծ համապետական, համայնքային և ներկուսակցական ընտրություններում՝ օգտագործելով բացառապես օրինական և ազնիվ միջոցներ:
VI. Ներկուսակցական մշակույթ և հաղորդակցություն
Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել և խթանել բաց, ներառական և մասնակցային ներկուսակցական միջավայրը, որտեղ յուրաքանչյուր անդամ կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը,
- Կուսակցության անդամները միմյանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ միմյանց պատասխանատվության կանչելիս, պարտավոր են առաջնորդվել Կուսակցության կանոնադրությամբ և սույն Կանոնագրքով ամրագրված ընդհանուր սկզբունքներով՝ մերժելով ցանկացած տեսակի բռնություն, պահպանելով բարեկրթությունը, հարգալից վերաբերմունքը և գործընկերային վարքագիծը, խթանելով կառուցողական քննադատությունը:
- Կուսակցության անդամները միմյանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ միմյանց պատասխանատվության կանչելիս, պարտավոր են առաջնորդվել Կուսակցության կանոնադրությամբ և սույն Կանոնագրքով ամրագրված ընդհանուր սկզբունքներով՝ մերժելով ցանկացած տեսակի բռնություն, պահպանելով բարեկրթությունը, հարգալից վերաբերմունքը և գործընկերային վարքագիծը, խթանելով կառուցողական քննադատությունը:
VII. Կարգապահություն
- Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել կուսակցության ներքին կարգապահությունը, հարգել և կատարել Կուսակցության մարմինների ընդունած որոշումները, ինչպես նաև հանդես չգալ Կուսակցության անունից առանց համապատասխան Կուսակցական մարմնի լիազորության,
- Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել ներկուսակցական քննարկումների և կուսակցական մարմինների ներքին՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը։
VIII. Օրենքի գերակայություն
- Կուսակցության անդամները պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ, մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումը և օրենքի ցանկացած խախտում,
- Կուսակցության անդամների կողմից հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններին կամ խախտումներին Կուսակցությունը պետք է անհապաղ արձագանքի՝ դրանց համապատասխան նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցելով իրավապահ մարմիններին։
- Կուսակցության անդամների կողմից հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններին կամ խախտումներին Կուսակցությունը պետք է անհապաղ արձագանքի՝ դրանց համապատասխան նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցելով իրավապահ մարմիններին։
IX. Հաշվետվողականություն
- Կուսակցությունը հաշվետու է հանրությանը․ Կուսակցությունն իր ֆինանսավորման, գործունեության, որոշումների և դրանց հիմքում ընկած գործընթացների վերաբերյալ ներկայացնում է հրապարակային հաշվետվություն՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մերժելով ցանկացած անօրինական և/կամ անհայտ աղբյուրից ֆինանսավորում,
- Կուսակցության անդամները հաշվետու են Կուսակցությանը և հանրությանը։
X. Հսկողություն և մոնիթորինգ
Կուսակցությունը, կարևորելով հանրային վստահությունը, ստանձնում է Կուսակցության առաքելության իրագործումն ու արժեքների պահպանումն ապահովելու հավաքական պատասխանատվությունը։
Կուսակցությունն իրականացնում է շարունակական հսկողություն և մոնիթորինգ, որպեսզի Կուսակցության անդամների՝ կանոնադրությանը կամ էթիկայի կանոնագրքին հակասող անպատշաճ վարքին անհապաղ արձագանք տրվի և գործի դրվեն ներկուսակցական և օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգերը։
Սույն Կանոնագրքի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականանցնում է Վերահսկող Հանձնաժողովը:
- Վերահսկող հանձնաժողով` Վերահսկող հանձնաժողովը տրամադրում է էթիկական խորհրդատվություն և ուղղորդում, քննարկում է ստացված բողոքներն ու դիմումները և տալիս է եզրակացություն Կանոնագրքի հնարավոր խախտման վերաբերյալ, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, Կուսակցության վարչությանն առաջարկում է կիրառել Կանոնադրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից մեկը, Վերահսկող հանձնաժողովը կարող է ինքնուրույն նախաձեռնել վարույթ Կանոնագրքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։
- Բողոքների և դիմումների Գործընթաց` Բողոքներն ու դիմումներն ուղղվում են Վերահսկող հանձնաժողովին, Բողոքները պետք է ներառեն նշում Կանոնագրքի ենթադրյալ խախտման վերաբերյալ, պարունակեն փաստական հիմնավորումներ և լինեն ստորագրված։ Վերահսկող հանձնաժողովը բողոքները և դիմումները քննարկում է և եզրակացություն է տալիս 30 օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում ընթացակարգը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով։
- Կարգապահական պատասխանատվության միջոցներ` Բողոքի քննարկման արդյունքում Վերահսկող հանձնաժողովը կարող է դիմել Կուսակցության Վարչությանը՝ առաջարկելով կիրառել Կուսակցության Կանոնադրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից որևէ մեկը։ Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումները (օրինակ՝ կոռուպցիա, բռնություն և այլն) պետք է անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։
XI. Կրթություն
- Էթիկան նախևառաջ կրթական եւ քաղաքակրթական հասկացություն է։ Սույն էթիկայի կանոնագրքի գործնական և արդյունավետ կիրառման մեխանիզմը կրթությունն է,
- Կուսակցության անդամները Էթիկայի սույն կանոնագիրքը կիրառելու համար պետք է ուշադրություն դարձնեն ինքնազարգացմանը, սեփական մասնագիտական, քաղաքական, էթիկական հմտությունների զարգացմանը՝ կրթության միջոցով,
- Այս ամենը, ինչպես նաեւ բարեվարքության եւ հակակոռուպցիոն բովանդակության իմացությունը Կուսակցության յուրաքանչյուր անդամի անհատական պատասխանատվությունն է»։



