2025 թվականը ՔՊ-ական իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի կողմից իբրև Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի տարի։ Կառավարության անդամներ, իշխանական պատգամավորներ, մեդիաներ և վճարովի փորձագետներ բոլորը խոսում էին այսպես կոչված հիբրիդային պատերազմի մասին՝ այն ներկայացնելով որպես արտաքին ճնշման համակարգային դրսևորում, որն ուղղված է Հայաստանի քաղաքական ինքնիշխանության սահմանափակմանը։ Բանը հասավ նրան, որ իշխանությունները այդ թեմայով դժգոհել էին նաև ԵՄ պաշտոնյաներին, և Կայա Կալասը դա բարձրաձայնեց՝ միաժամանակ խոստանալով աջակցել Հայաստանին Ռուսաստանի դեմ պայքարում։
Նախորդ տարի Ռուսաստանին բավականին ուղիղ կերպով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ մեղադրած Ալեն Սիմոնյանը, Մոսկվա գնալուց առաջ «Ֆակտոր» լրատվականի եթերում, էապես մեղմել է իր խոսքը․ «Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականում կա», — ասել է Սիմոնյանը։
Սա շատերը գնահատեցին որպես հետքայլ կամ «թքածը լիզելու» նման մի բան, սակայն իրականությունը շատ ավելի պրագմատիկ է։ Քաղաքագիտական լեզվով ասած՝ այստեղ գործ ունենք ոչ թե գաղափարական վերանայման, այլ քաղաքական ադապտացիայի հետ։ ՔՊ-ում, ըստ ամենայնի, հասկացել են, որ առաջիկա ընտրություններում Ռուսաստանը կարող է իր դիրքորոշմամբ չնպաստել իրենց վերարտադրությանը, և որոշել են «խաղեր տալ», որպեսզի չեզոքացնեն նման զարգացումը։
ՔՊ-ում ռազմավարական առումով շարունակելու են մնալ նույն գծի մեջ՝ հակառուսական և Հայաստանը Թուրքիայի վերահսկողության տակ դնելու ուղղությամբ, ինչը տեղավորվում է արտաքին հովանավորների հետ սերտ ինտեգրման մոդելի մեջ։
Սակայն այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է տակտիկական համաձայնության կամ առնվազն չեզոքության գնալ Ռուսաստանի հետ՝ որպես տարածաշրջանում դեռևս ազդեցիկ ուժային կենտրոնի, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել իշխանության վերարտադրությունը։
Ռուսաստանի չեզոքությանը հասնելու համար ՔՊ-ականները կարող են իրենց նախընտրական երգը դարձնել «Путин сказал армянам давать проход» երգը, այսինքն՝ ժամանակավոր լոյալության հռետորաբանությունը, սակայն հենց ընտրությունների հաջորդ օրը անելու են այն, ինչի համար բերվել են իշխանության՝ փորձելու Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից և վերաձևել անվտանգության ճարտարապետությունը։
Մնում է հուսալ, որ Ռուսաստանում այս ամենը հասկանում են և, քաղաքական հիշողության տրամաբանությամբ, ավանդույթի համաձայն ոտքը չեն դնի արդեն փորձված փոցխի վրա։



