Ամիսներ առաջ նախկին ՔՊ-ական Արսեն Ջուլֆալակյանը հայատարարեց, թե ՔՊ-ականներից որոշների հանդեպ կոմպրոմատներ կան, ընդ որում անձնական բնույթի․ «Պատկերացրեք մի քաղաքական թիմ, որի կոմպրոմատները անձնական են, սա զզվանք արտահայտող է, սա կցանկանամ լսեն նաև ՔՊ-ական մյուս երկրորդ կամ երրորդ էշելոնի անդամները, որպեսզի իմանան ինչպես կարող են նրանց հետ վարվել»,-ասել էր նախկին պատգամավորը (Ջուլֆալակյանը լքել է ՔՊ-ն Արցախի հարցի վերաբերյալ ունեցած անհամաձայնություններից ելնելով)։
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները ՔՊ-ականների վրա Նիկոլ Փաշինյանի ունեցած կոմպրոմատների, հատկապես սեռական բնույթի կոմպրոմատների մասին։ Կան տեղեկություններ նաև, որ Փաշինյանը կոմպրոմատներ ունի նաև ընդդիմադիր գործիչների, անգամ իրեն քննադատող լրատվամիջոցների խմբագիրների վերաբերվող։ Սեփական թիմակցիների և ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կոմպրոմատներ հավաքելու ավանդույթը Նիկոլ Փաշինյանը չի դրել, այն եղել է նաև նախկին իշխանությունների ժամանակ։ Պետք է նկատել, որ սա քաղաքական դաշտի այլանդակման հիմնական գործիքներից մեկն է, երբ պետությունը գործող իշխանական թիմի գործիքն է դառնում ու սպանվում է քաղաքականությունը։
Հիմա շատ ընդդիմադիրներ խոսում են ՔՊ-ականների վրա եղած կոմպրոմատների ու այդ կոմպրոմատներից ելնելով նրանց վարքագծի փոփոխության անհնարինության մասին։ Իրականություն այն է, որ այդ կոմպրոմատները չեզոքացնելու ճանապարհ ունի ընդդիմությունը։ Չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավորման առաջին մեկ ու կես տարին կոմպրոմատ հավաքող հիմնական կառույցի՝ ԱԱԾ-ի ղեկավարը եղել է գործող ընդդիմադիր Արթուր Վանեցյանը։ Հենց նրա ժամանակ են հավաքվել «ամենայուղոտ» կոմպրոմատները։ Փաշինյանի պաշտոնավարման առաջին երկու տարում ՔՊ-ականներն անփորձ էին, մի մասը հավատում էր այսպես կոչված հեղափոխությանը և իրենք իրենց թույլ էին տալիս քայլեր, որոնք միանշանակ ֆիքսվում էին և դառնում էին կոմպրոմատ։ 2018-19 թվականներին լրատվամիջոցները ևս քիչ թե շատ վստահում էին իշխանություններին, բայց այստեղ էլ բավական ակտիվ է աշխատել վանեցյանական ԱԱԾ-ն։ Լրատվամիջոցներից մեկի ղեկավարն օրինակ մեզ պատմեց, որ Վանեցյանի ղեկավարման օրոք իրենց խմբագրություն համակարգիչներում գաղտնալսող սարքեր են գտել։ Ընդ որում չար լեզուներն ասում են, որ Վանեցյանն անձամբ զրուցել է այն շենքի սեփականատիրոջ հետ, որտեղ գտնվել է այդ լրատվամիջոցի խմբագրությունը և համապատասխան աշխատակիցները գաղտնի մուտք են գործել խմբագրություն։
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ընդդիմության կողմից թմբկահարված կոմպրոտամների մեծ մասը(եթե դրանք իրականում կան) Փաշինյանի ձեռքում են հայտնվել հենց Վանեցյանի շնորհիվ։ Եթե հիմա Արթուր Վանեցյանը հրապարակային խոսի սրա մասին (ընդունելով իր մեղքը և դրա համար պատասխանատվություն կրելով), մանրամասն բացահայտի, թե ինչպե՞ս է հավաքվել եղած տեղեկատվությունը ու փոխանցվել Փաշինյանին, ապա եղած կոմպրոմատները կչեզոքանան, քանի որ ցանկացած արտահաոսքի դեպքում բոլորը կիմանան որ դա արել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ, եթե Վանեցյանը ԱԱԾ պետ եղած ժամանակ կոմպրոմատներ չի հավաքել ու փոխանցել Փաշինյանին, ապա էլի իր խոսելը կօգնի ընդդիմությանը հասկանալու, որ ՔՊ-ականներին դավաճանության սայլին կապած պահում է, ոչ թե կոմպրոմատը այլ իրենց դավաճանական համոզմուքնները։ Այս դեպքում էլ անելիքներն ու սպասվելիք արդյունքը պարզ կլինի։