ՔՊ-ական տրագիկոմեդիա․Հրապարակ

Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը բավականին հեշտ պրծավ Նիկոլից: Համաձայնեք՝ կատակ բան չէ՝ այդքան ծանոթություններ ունենալ Ռուսաստանում, Մոսկվայում, Կրեմլում, այդքան լավ խոսել ռուսերեն, ու այսպես հեշտ ու հանգիստ հեռանալ: Անգամ այս պահին, երբ Ռուսաստանն ու Հայաստանը թուրութվանք են միմյանց նկատմամբ, Ալեն Սիմոնյանին ոչ ոք չի անհանգստացնում, չի հարցնում՝ Ալեն ջան, բա Մատվիենկոյի հետ այդքան տվել-առել ես, չես կարողացե՞լ մի հասարակ հարց լուծել, որ այսօր այս վիճակը չլիներ: Մյուս կողմից էլ Ալենը ի՞նչ կարող էր անել: Ինքը դրստում էր հարաբերությունները, Նիկոլը՝ քանդում, ինքը դրստում էր, Նիկոլը՝ էլի քանդում: Հիշո՞ւմ եք այն օրերը, երբ ՀՀ ԱԺ-ն Պուտինին բռնելու օրինագիծն էր հաստատում: Ասում են՝ Ալենը դեմ է եղել, բայց կողմ է քվեարկել, որ Նիկոլին չկատաղեցնի: Երևի նաև համոզված է եղել, որ դա երբեք տեղի չի ունենա, իսկ ինքը կկարողանա Մոսկվայում հղկել խնդրի սուր անկյունները:

Խոսում են, թե Նիկոլն Ալենին առանց գործ չի թողնի: Էն Վահագն Խաչատուրյանի հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել: Հիրավի ավելի անշառ գործ Ալենի համար չէր էլ կարելի մտածել՝ կնշանակեն (ԱԺ-ով կընտրեն) երկրի նախագահ, որ համ քեֆ անի, համ էլ ռուսներն այս անգամ չասեն, թե մեր «ախպերությանը» գծերից գցել եք: Այնպես որ, Ալեն ջան, դու մի տեղ հով լռվիր, մինչև կանչեն: Նիկոլը գիտի՝ ինչ է անում:

Այն, ինչ հաջողվել է Ալեն Սիմոնյանին և Ռուսաստանի հանդեպ լոյալ տրամադրված հատուկենտ ՔՊ-շնիկներին, չի հաջողվելու ՔՊ-ի արևմտամեռ հատվածին: Այս հատվածը սարսափելի վատ է աշխատել և, կարելի է ասել, աշխարհաքաղաքական առումով ք.քն է գցել Նիկոլին՝ նրանից չկարողանալով կերտել Սահակաշվիլիի կամ Զելենսկու տիպար: Այսօր ոչ արևմտյան մայրաքաղաքներում գիտեն ով է Նիկոլը, ոչ Մոսկվայում, ոչ Պեկինում, ոչ էլ նույնիսկ Թեհրանում: Ոչ ոք վստահ չէ, որ Նիկոլն իրեն ամենապատասխանատու պահին չի «քցի»: Այնքան չեն վստահում նրան, որ ամեն քայլափոխի նրանից հանրաքվե են պահանջում՝ հանրաքվե արա, որ սահմանադրությունը փոխվի, հանրաքվե արա, որ հասկանանք՝ Հայաստանն, ի վերջո ուր է գնում, հանրաքվե արա, որ խաղաղության պայմանագիր ստորագրենք: Որ հանրաքվեների ճանապարհով գնանք՝ ՏԻՄ ընտրություններից ավելի շատ հանրաքվեներ ենք անելու: Մինչդեռ հանրաքվեն շառոտ գործ է: Ժողովուրդն ինչ էլ որոշի Նիկոլին հակառակ, դա կնշանակի Նիկոլին մերժել: Իսկ Նիկոլին այս վիճակի մեջ են գցել նրա թիմի արևմտամեռ հատվածն ու ՔՊ-ի որոշ սատելիտ ուժեր: Նիկոլը սրանց ասում է՝ դե գնացեք, Արևմուտքի խոստացած փողերը բերեք: Արևմուտքն էլ ասում է՝ ինչքան պետք է, տվել եմ, հիմա դու պետք է շարժվես: Բայց ինչպե՞ս շարժվի Նիկոլը, երբ այն կողմից էլ Ռուսաստանն է բռնել իր ցավոտ տեղերից: Ուկրաինական պատերազմը շուտով կդադարի: Ի՞նչ պատասխան են տալու Ռուսաստանին, երբ այդ ամեհի «արջը» դեմքով շրջվի դեպի Նիկոլը: Դա էլ հո Ծառուկյանի առյուծը չէ, որ մի կրակոցով «քնեցնեն»:

Եվ ուրեմն, արդիական է դառնում հարցը, թե ինչ է անելու Նիկոլն իր արևմտամեռ «խորհրդականներին», ինչպես է ազատվելու նրանցից կամ ավելի շուտ ինչպես է պատժելու նրանց: Զորօրինակ Արայիկ Հարությունյանին, որ, ի լրումն իր համաժողովրդական մականվան, նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր և նախընտրական շտաբի պետը: Ի դեպ, Արայիկ Հարությունյանը նաև առաջին ՔՊ-շնիկ նախարարն է (ԿԳՄՍ), որին Նիկոլը ս. է արել պաշտոնից և տարել իր ձեռքի տակ աշխատելու: Ահավոր անդուր կերպար է, Թումանյանից մի քառյակն ինչ էր, այդպես էլ չսովորեց: Արայիկ Հարությունյանը նաև առաջինն է եղել բոլոր ՔՊ-ականներից, որ հարձակվել է դպրոցի բակում կանգնած հոգևորականի վրա և պահանջել, որ նա հեռանա: Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլից էլ առաջ: Սրա մյուս բացասական գծերի մասին էլ չեմ խոսում: Հիշեք, թե ԿԳՄՍ նախարարի իր կաբինետում ում հետ էր շփվում, ինչ ֆիլմեր էր նկարում, ինչպես էին մեր հայրենակիցները նրան հայհոյում արտասահմանյան գործուղումների ժամանակ: Եվ, ահա, Նիկոլը պետք է որոշի՝ ինչ անի այս երևույթի հետ, ուր տանի, որ լեզուն այստեղ-այնտեղ շաղ չտա, իմացած-չիմացածը սրան-նրան չպատմի: Իսկ Արայիկ Հարությունյանը շատ բան գիտի Նիկոլի և նրա կառավարության մյուս անդամների մասին: «Գորշ կարդինալն» է եղել, ի վերջո, Գյումրու ընտրություններն է համակարգել, ՔՊ շտաբի պետ է եղել ԱԺ ընտրություններում… Դուք սրան տեսե՞լ եք Նիկոլի հետ պերաշկի ուտելիս: Ոչ: Նա լուռ հետևում էր ու գրի առնում ամեն մանրուք, որ կարող է ճիշտ պահին օգտագործել Նիկոլի ու մյուս թիմակիցների դեմ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածից հետո ոմանք խոսում են, թե վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Հարությունյանին կտանեն ՀԱՕԿ նախագահ: Ճիշտ է, դա նրա համար կլինի պաշտոնանկության պես մի բան, բայց Նիկոլն Արայիկ Հարությունյանի «հագով» ուրիշ ոչինչ չէր էլ կարող մտածել: Համ ինքնաբերաբար կխայտառակվի, համ էլ հեռու կլինի իրենից:

Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան… Հավանաբար ուսապարկերի հենց այս եռյակը կզարդարի ԱԺ նախագահության «պոդիումը»: Փաշինյանն ամեն ինչ արել է, որ ՔՊ խմբակցության միջից այդպես էլ դուրս չգա ուսապարկային զգացողությունը: Միայն Վահագն Ալեքսանյանը բավական է, որ ՔՊ-ականները, այդ թվում Քըլըչից քշված Ռուբինյանն ու արկածախնդիր ախպերություն ունեցող Կոնջորյանը, առաջիկա տարիներին չմոռանան, թե ովքեր են իրենք ու ինչպես են հայտնվել խորհրդարանում:

Նիկոլը, հավանաբար, ուսապարկերի այլ տեղաշարժեր ևս կանի: Պետք է սպասել կառավարության ձևավորմանը: Այստեղ դդումների պակաս չկա, բայց Նիկոլի պահեստայինների նստարանն էլ առանձնապես երկար չէ: Հնարավոր է՝ նորից վերականգնեն գյուղնախարարությունը և ԱԱԾ տնօրենին, օրինակ, նշանակեն նախարար: