Քոչարյանը հաղթեց․ ինչ են հուշում Տեր-Պետրոսյա...

Երեկ Սահմանադրական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորները հրապարակեցին որոշումը։ ՍԴ-ի որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն օրինաչափ չէ։

Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչպիսի ազդեցություն կունենա ՍԴ որոշումը նախագահ Քոչարյանի գործի վրա։ Շատերը սպասում են մասնագետների մեկնաբանություններին, որպեսզի որոշման բոլոր նրբությունները հասկանալի լինեն։

Այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի հաղթանակի մասին վկայում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արձագանքները։ Նրանք այսօրվա իշխանության մեջ տարբեր պաշտոններ են զբաղեցնում և ՍԴ որոշումից անմիջապես հետո մեդիաարշավ են սկսել ՍԴ դատավորների և, մասնավորապես, դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Կան Տեր-Պետրոսյանի աջակիցներ, որոնք ընդհանրապես պահանջում են հաշվի չառնել ՍԴ որոշումը, քանի որ որոշում կայացնողները, ըստ իրենց, լեգիտիմ չեն։ 

Տեր-Պետրոսյանի աջակիցների նման արձագանքը հուշում է, որ այս որոշումը կարող է երկրորդ նախագահ Քոչարյանի գործում դրական բեկում բերել, հակառակ պարագայում դժվար թե իշխանության այդ թևը նման ծավալների արշավ սկսեր։

Չի բացառվում նաև, որ իշխանության տերպետրոսյանական թևը ստիպի վարչապետ Փաշինյանին գնալ կտրուկ գործողությունների՝ Սահմանադրական դատարանի մասով։ Սա, իհարկե, արկածախնդրություն կլինի, որի ամբողջ պատասխանատվությունը կմնա միայն վարչապետ Փաշինյանի վրա։